Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում աննկարագրելի կորուստներ կրելով և ջախջախվելով` Ադրբեջանի իշխանությունների անհաջողությունները չեն ավարտվում: Կա ևս մեկ պատճառ, թե ինչու է պաշտոնական Բաքուն փոխել իր հռետորաբանությունը և արդեն իսկ խոսում է բանակցությունների անհրաժեշտության մասին: Պատճառներից մեկն էլ այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հայտնվում է միջազգային «իզգոյի» կարգավիճակում: Բոլոր առանցքային միջազգային կառույցները այս օրերին հանդես են գալիս հստակ պրո-հայկական մեսիջներով: 

 

 

ՄԻԵԴ-ը Հայաստանի դիմումի համաձայն Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու որոշում է կայացրել: Բացի այդ, ՄԻԵԴ-ը կոչ է արել Թուրքիային զերծ մնալ գործողություններից, որոնք ոտնահարում են քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։ Ստրասբուրգյան դատարանը հարցին անդրադարձել է Հայաստանի կառավարության պահանջով։ Պաշտոնական Երևանը անցած շաբաթ գանգատ էր ներկայացրել՝ պահանջելով միջանկյալ միջոց կիրառել Անկարայի նկատմամբ՝ հաշվի առնելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի կողմից Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող հարձակումներին, որոնք ուղեկցվում են միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով»։ Որոշմամբ կոչ է արվում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար 28 տարի առաջ ստեղծված Մինսկի խմբի անդամներից Թուրքիային զերծ մնալ այս ռազմական գործողություններից, որոնք ոտնահարում են քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։

 

Այս քայլով փաստացի ամրագրվում է, որ Թուրքիայի ներգրավվածության հանգամանք առկա է և բնականաբար կա կոչ այդ ներգրավվածությունը չեզոքացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելուն: Պարզ է, որ խոսքը գնում է այստեղ Թուրքիայի ներգրավվածության մասին, որովհետև այն ապացույցները, որ ներկայացրել էր կառավարությունը, վերաբերում էին Թուրքիայի կողմից ահաբեկիչներ ներգրավելու, Թուրքիայի կողմից վարձկաններ ներգրավելու վերաբերյալ շրջանառվող ապացույցներին ու փաստերին: Թուրքիան պարտավոր է Ստրասբուրգ ներկայացնել հավաստիացումներ, որ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ՝ համապատասխանաբար կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելման հոդվածները չի խախտել։ Չի բացառվում, որ հետագայում Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի դեմ հիմնական գանգատներ ներկայացնի։ 

 

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից նաև պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն հայ գերիների գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 03.11.2020թ: 

 

Օրերս էլ Ստրասբուրգի դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվեց արդեն Ադրբեջանի կառավարության դիմումն ընդդեմ Հայաստանի։ Ինչպես հայկական կողմն է շեշտում՝ սեպտեմբերի 27-ից ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ սանձազերծած Ադրբեջանը Եվրադատարանին խնդրում է միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Հայաստանի։ Դիմումի մեջ առկա է պահանջ՝ դադարեցնել ֆինանսավորել, իրենց բառերով՝ «այն անօրինական քրեական ռեժիմը, որը առկա է Լեռնային Ղարաբաղի մարզում Ադրբեջանի Հանրապետության», դրանք ընդհանրապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորության և վերջինիս կողմից քննվող հարցերի շրջանակի հետ որևիցե աղերս չունեն: Բացի դրանից, սպեկուլյատիվ և մի շարք ձևակերպումներ, ըստ էության, կարելի է ասել անհեթեթ են ընդհանրապես և քիչ հավանական է, որ ՄԻԵԴ-ը այս դիմումը կբավարարի: 

 

Այս ամենը վկայում է, որ նաև իրավական ճակատում մեր ճակատամարտը ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի և ահաբեկիչների Հայաստանը հաղթում է