«Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, որում նշվում է, որ երկրում քաղաքական ճգնաժամը նոր մակարդակի է հասել. դա արտահայտվում է ոչ միայն փողոցային ակցիաներով, այլև պաշտոնյաների ցուցադրական հրաժարականով. այդ կերպ հրաժարական տվողները չեն ցանկանում կապ ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ:
Պարբերականը գրում է, որ երկուշաբթի հրաժարական է տվել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:Պատճառը, ըստ աղբյուրի, Փաշինյանի այն հայտարարությունն էր, թե Շուշի քաղաքն ամեն դեպքում պետք է հանձնվեր:
Պարբերականը նաև գրում է, որ Փաշինյանի քաղաքական կարիերան գործնականում ավարտված է, և որ դա հաստատվեց երկուշաբթի երեկոյան արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կոչով:
«Ո՞վ կարող է լինել Փաշինյանից հետո. այժմ խոսքը ժամանակավոր լուծման, ժամանակավոր մարդու մասին է: Տարբերակներից մեկը կարող է լինել նախագահ Արմեն Սարգսյանը: Մի քանի ամսով նա կարող է գլխավորել ազգային համաձայնության կառավարությունը, որում կարող են նաև «Իմ քայլ»-ից ներկայացուցիչներ էլ լինել:
Միևնույն ժամանակ չի բացառվում, որ վարչապետ կարող է դառնալ զինվորական անցյալ ունեցող կամ հենց զինվորական»,-պարբերականի հետ զրույցում ասել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը: