Նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի հայտարարություն ստորագրելուց հետո իշխանության ներկայացուցիչները, մերձիխշանական շրջանակները լծվել են իրենց թերևս ամենասիրելի գործին՝ հասարակության պառակտմանը, ընդդիմախոսների ահաբեկմանը և վաղուց մոռացված՝ հայաստանցի-արցախցի բաժանարար գծի մասին թեզի վերակենդանացմանը, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով: Դասագրքային ճշմարտություն է՝ եթե թշնամին պատերազմ է սկսել, հարձակվել է, առաջին խնդիրը համախմբումը պետք է լինի: Պատերազմի առաջին իսկ օրն ընդդիմադիր բոլոր ուժերն ու կուսակցություններն իրենց աջակցությունն են հայտնել թե՛ բանակին, թե՛ պետությանը: Իշխանական ֆեյքերը, որոնք ղեկավարվում են բոլորին հայտնի կենտրոնից, ցավոք, պատերազմի ամբողջ ընթացքում շարունակում էին ատելություն սերմանել հասարակության մեջ: Նույնը անում են նաև հիմա: 

Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանի թիկնապահ Ղազար Ղազարյանի՝ հայտնի «Ռյուկզակ բռնող» Ղազարի դուստր ներկայացող Սոֆյա Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում արցախցիների նկատմամբ բացահայտ ատելության խոսք է տարածում։ Նշենք, որ Ղազար Ղազարյանը Պետական պահպանության ծառայության սպա է՝ լեյտենանտ զինվորական կոչմամբ։ Ղազարյանի դուստրը իր գրառումներից մեկում հետևյալն է ասում՝ թիրախավորելով արցախցիներին․ «Լսեք, այ արցախցիներ, դուք չեք ընտրել Նիկոլին, որ էսօր իր հրաժարականն եք պահանջում, հանգիստ վեր ընկեք տեղներդ», մեկ այլ գրառմամբ էլ Ղազարյանի ֆաշիստական հակումներ ունեցող դուստրը ասում է հետևյալը․ «Արցախցիները տուն կորցնելուց են խոսում, բայց որ հայերը իրենց տուն էին տալիս, մարդիկ չուզեցին, վայֆայի բացակայությունից էին բողոքում»։ Փաստորեն «Ռյուկզակ բռնող» Ղազարի դստեր համար արցախցիները հայ չեն։ Եվ, ի վերջո, գրառումների կուլմինացիան․ «Վարչապետի թիկնապահ պապա ունենալն էլ մի բան չի էլի, արդեն ինձնանից են գործ ուզում»։ 

Նոյեմբերի 16–ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կեղծ էջով տարածվել է նախկին լրագրողների լուսանկարները, հրապարակվել նրանց տվյալները՝ ատելության խոսք պարունակող գրությամբ։ Տվյալ էջն ունի իշխանական ուղղվածություն և կառավարվում է հանրությանը հայտնի «ֆեյքերի ֆաբրիկայի» կողմից։ Ցավոք, հիշյալ գրառումը գովազդվել և մեծ տարածում է գտել համացանցում, ինչի արդյունքում գրառմանն արձագանքել են բազմաթիվ օգտատերեր, ատելության և բռնության սպառնալիքներ ուղղել լրագրողներին։ 

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է գեներալների, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարներ և կից գրառում արել: 

Մեկ այլ գրառմամբ էլ պաշտոնյան կոչ է անում «ռոբի ու սերժի արցախցիներին» հանգիստ նստել տեղները, հակառակ դեպքում եթե չհասկանան՝ սատկացնելով կհասկացնենք: 

Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին էլ օրեր առաջ տեսանյութ էր հեռարձակվել, որն առաջացրել էր հասարակության լայն զանգվածների դժգուհությունը: Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ ու որով խրախուսվում է բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով ու այն էլ դա անել այս պատասխանատու օրերին: Ինչպե՞ս կարելի է ցուցադրել նման տեսանյութ՝ ակնհայտ գիտակցելով, որ դա դիտելու են նաև երեխաներ ու կանայք: Ակնհայտ է, որ դա արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով փաստացի հրահրվում է ներքին թշնամանք: 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեսյբուքյան գրառում է կատարել և հայտնել, որ իրեն է դիմել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, ով վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել: Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն: 

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը իր էջում կիսվել է Նիկոլ Փաշինյանի սկանդալային գրառմամբ, որտեղ վերջինս առաջնագծում կանգնած տղաներին կոչ էր անում վերադառնալ և լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը: 

Նոյեմբերի 18-ին Հանրապետության Հրապարակում Փաշինյանին սատարող փոքրաթիվ անձանց թվում էր նաև Արագածոտնի նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, ով հայտնի «լևոնական» է, նախկինում եղել է Ապարանի քաղաքապետ: Ցուցարարների շարքում էր ՀԱԿ անդամ, թալինցի Ժորա Սափեյանը, որի անունը կապվում է մի շարք քրեական պատմությունների հետ: Վերջին դեպքը տեղի է ունեցել 2019թ. նոյեմբերին, երբ Սափեյան եղբայրներն իրենց որդիներով, ու զենքի սպառնալիքով ներխուժել էին «Թալին» ջրօգտագործողների ընկերություն՝ պահանջելով իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Սափեյանը նույնպես մի քանի տասնյակ անձից բաղկացած խմբով էր ներկայացել հրապարակ և սպառնում էր Փաշինյանի ընդդիմախոսներին: 

Հեղափոխության պահապանների ակտիվիստներից մեկն էլ տեսանյութ էր պատրաստել, որտեղ սպառնում էր մորթել բոլորին, եթե Փաշինյանի կամ Արայիկ Հարությունյանի գլխից մեկ մազ անգամ պակասի: 

Իշխանական պատգամավորները, նախարարները տարածում են տեսանյութեր, որտեղ զինված մարդիկ սպառնում են սպանել իշխանության ընդդիմախոսներին։ Նոյեմբերի 10-ին նման մի տեսանյութ է տարածել իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Տարածված տեսանյութում խոսող «կամավորականը» իրականում վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի ղեկավարի տեղակալ Գառնիկ Վարդանյանն է։ Նրա ծառայակիցները տեղեկացնում են, որ Վարդանյանն իրականում պատերազմի ամբողջ ընթացքում եղել է Գորիսի տարածքում, ինչպես ՔՊ ջոկատի մյուս անդամները։ Իշխանությունները, խախտելով Սահմանադրությունը, փորձում են զինված ուժերի կազմում ներառված քաղաքացիներին ներգրավել քաղաքական գործընթացներում և ճնշել ընդդիմախոսներին: 

Սա էլ դեռ բավարար չէ, Ֆեյքերի ՊՈԱԿ-ի կադրերը անխնա ուրախանում են այս օրերին կյանքից հեռացած գեներալ Մանվել Գրիգորյանի և երրորդ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի մահվան գույժի վրա: Մի կողմ թողնենք հարցի բարոյական կողմը, սակայն, այս իրավիճակը լավագույնս բնութագրում է այն բարոյական արժեքների անկումը, որին այսօր ականատես ենք լինում և այդ անկումը գեներացվում էր վերջին 2.5 տարիների ընթացքում՝ հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելով: 


Մի կողմից իշխանությունները ամենաբարձր մակարդակով կոչ են անում չգնալ իրավիճակի հետագա լարմանը և խուսափել քաղաքացիական բախումներից, մյուս կողմից էլ տեսնում ենք, որ մի շարք պաշտոնյաներ, մերձիշխանական շրջանակներ շարունակում են ատելության խոսք գեներացնել, այսինքն` անել այն, ինչով և զբաղված էին վերջին 2.5 տարիների ընթացքում…