«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք Արցախում ունենք որոշ դավադիր գեներալներ, որոնք հրահրելու են պատերազմ, որի արդյունքում մենք պարտվելու ենք։ Անցավ որոշ ժամանակ և հայ ազգը կրեց իր պատմության ամենախայտառակ պարտությունը։ Թե՛ հաղթանակը, թե՛ պարտությունը ցանկացած մարդու և բանակի համար է, բայց մեկ բան է պարտվել արդար կռվում, մեկ այլ բան է, երբ քեզ քո ղեկավարությունը տանում է դեպի պարտություն։ Մովսես Հակոբյանի բոլոր բացահայտումները հենց վերջինի մասին են։ Նա ասաց, որ ցավոք սրտի մեր երկրի ղեկավարությունն արել է ամեն ինչ, որ մենք պարտվենք»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։
Ըստ նրա՝ նախ պետք է հասկանալ, թե ով է մեր երկրի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Աննա Հակոբյանը․ «Ես ինքս արդեն չեմ հասկանում, բայց երկու դեպքում էլ դժբախտություն է։ Ամբողջ աշխարհը հետևում է մեր երկրի իրադարձություններին և ուզում է հասկանալ' մեր ազգը որքանով է հանդուրժում պարտված ղեկավարին։ Նիկոլ Փաշինյանին սատարելով' շատ վատ մեսիջ ենք հղում աշխարհին, այն է, որ հայ ազգը պարտվող է, պարտությունը հանդուրժող է և դրանով խայտառակ ենք լինում դրանով»,- նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ հայ ժողովրդին խաբել են և ժողովուրդն արդեն հասկացել է դա։ Վարդանյանը նշեց, որ Փաշինյանի իշխանությունը 2․5 տարի անընդմեջ ժողովրդին տարել է դեպի Թուրքիա և մտահոգիչ է, թե ինչու Փաշինյանի ու նրա իշխանության ներկայացուցիչները չեն տալիս համարժեք պատասխան Իլհամ Ալիևին․ «Ինձ մտահոգում է, որ իմ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձին ուղղակի ծաղրում են և չեն ստանում որևէ պատասխան։ Միգուցե Փաշինյանի վրա այդ երկրում կա կոմպրոմատ, միգուցե այդ կոմպրոմատը կա մեկ այլ անձի վրա Հայաստանում, միգուցե հենց դա է պատճառը, որ չկա պատասխան։ Եթե դա այդպես է, ուրեմն օր առաջ Փաշինյանը պետք է հեռացվի, և գա նոր ղեկավար, որը կարող է արժանահավատ հարաբերություններ ստեղծել Ռուսատանի Դաշնության հետ»,- ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։