«Ինչպես հայտնի է, ըստ պայմանավորվածության հայկական զինված ուժերը և այդ տարածքի բնակչությունը երկարաձգված ժամկետի՝ նոյեմբերի 25-ի դրությամբ պետք է դուրս եկած լիներ Քարվաճառի շրջանից, որը համաձայն ձեռք բերված համաձայնագրի պահանջների՝ իրականացվել է։ Զորքերի վերաբերյալ աշխատանքները, որոնք իրականացվել են, իրականացվել են նախապես պլանավորված բնույթով։ Այլ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, բայց ամեն դեպքում, ամեն ինչ արվել է ըստ պայմանավորվածության և ճիշտ ժամանակացույցով»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

Նա հավելել է․ «Գաղտնիք չէ, որ լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիները անցել են հայակական տարածք, գրավել են, աշխատակիցներից պահանջել են լքել տարածքը և այլն, մեր կողմից կարող է ասվել, հաստատվել և հետագայում ըստ անհրաժեշտության նաև կփաստվի, որ նման իրավիճակ չի եղել»։

Խաչատրյանը նշել է, որ աահմանն անցնում է գրեթե հանքի միջով։ Ոսկու հանքի և, ընդհանրապես, տարածաշրջանի հետ կապված ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ։

«Պետական սահմանից հանքի եզրագծով ցանկապատվել էր, ճանապարհի վրա տեղադրվել էր նաև անցակետ։ Սա կատարվել է ռուսական կողմի ուժերով և իրենց անվտանգության խնդիրները լուծելու համար։ Այս հարցի լուծման համար, անվտանգության ապահովման համար, հայկական զինված ուժերը ընդգրկվածություն չեն ունեցել»,-նշել է նա։