Մենք իրավունք չունենք, գոնե, մեզ պարտվելու: Այսօր երկրում առաջնահերթությունները սահմանելու խնդիր կա, ամեն օր ավելի ենք համոզվում, որ գործող իշխանությունը ի վիճակի չէ դա անելու, և այս երթով փորձում եմ իմ ձայնը հասցնել մարդկանց: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 5-րդ ալիք հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Արտակ Հերիքյանը, ով ևս միացել է մտավորականների կազմակերպած հանրահավաքին:

Հարցին, թե մտավորականների ձայնն ինչքանով կարող է լսելի լինել, Հերիքյանը պատասխանեց. «Մենք տեսել ենք՝ իշխանություններն ինչ են արել, բայց մեզ համար շատ կարևոր խնդիրներ՝ անհետ կորածների, գերիների և դիերի վերաբերյալ հարցն անորոշ է և չկա որևէ ժամկետ: Ամեն օր համզովում ենք, որ այս իշխանությունների գործողություններն անիմաստ են»:

«Ես չգիտեմ՝ որքանով է ապաքաղաքական, ինքնին, երբ դուրս ես գալիս հանրահավաքի, կարծում եմ, արդեն իսկ քաղաքական ժեստ է»,- ասաց Հերիքյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե այս հանրահավաքներն արդյոք ապաքաղաքական են: