ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի արդյունքում Արցախում շահագործման թույլտվություն ունեցող 15 մետաղական հանքավայրերից 13-ն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում  ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծիք հայտնեց, որ այս հանգամանքը մեծ հարված է հասցնելու Արցախի տնտեսությանը։

«Արցախի բյուջե ամենամեծ հարկային մուտքեր ապահովող «Բեյզ Մեթըլս» ընկերությունը, որը շահագործող Դրմբոնի ստորգետնյա և Կաշենի բաց բազմամետաղային հանքավայրերը, լուրջ խնդրի առաջ է կանգնել։ Խնդիրը նրանում է, որ ընկերությունն իր արտադրական գործունեության համար անհրաժեշտ ջուրը ստանում էր Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղից, որը փաստաթղթով մի քանի գյուղի հետ հանձնվել է Ադրբեջանին», - նշեց տնտեսագետը` ընդգծելով, որ թեև ընկերությունը գյուղից հանել է իր պոմպակայանները, սակայն այս պահին ջրի այլ աղբյուր չկա։ 

Նրա խոսքով՝ եթե Արցախի իշխանությունները չբանակցեն Ադրբեջանի հետ և քայլեր չձեռնարկեն ջրամատակարարումը վերականգնելու համար, ապա  հանքավայրերի հետագա շահագործումը կդրվի կասկածի տակ, իսկ այլ տեղից ջուր բերելը կենթադրի նոր ծախսեր և 7-8 ամիս  ժամանակ։

«Արցախի ամենախոշոր հարկ վճարող «Վալլեքս Գրուպ» ՓԲԸ-ի խմբի մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ընկերությունը 2019-ին վճարել է 18,7 մլրդ դրամի հարկ, որը կազմում է Արցախի հարկային եկամուտների շուրջ 32 %-ը, այսինքն այս ընկերության գործունեության դադարը կարող է Արցախի բյուջեի 1/3-ով կրճատման պատճառը դառնալ։ Նշեմ նաև, որ այս ընկերությունն ապահովում է երկրից արտահանման 60 %-ը և ունի շուրջ 1400 աշխատատեղ», - ասաց Սուրեն Պարսյանը։

Ըստ նրա՝ այս պահին Արցախի տնտեսության առաջնային խնդիրը պետք է լինի այս հանքավայրերի շահագործումն ապահովելը։