Թերապևտ Լամարա Մանուկյանը ծննդյան օրով «ամենակարևոր և ամենաարժանի նվերն» է ստացել. նրան աշխատանքից ազատել են, քանի որ հանդգնել էր Արցախից եկած մեր հայրենակիցներին անվճար հեռավար բուժօգնություն ցուցաբերել: Աշխատանքից նրան հեռացրել է Թիվ 2 բուժմիավորում ՓԲԸ-ի տնօրենը: Դժվար է պատկերացնել, որ այս ռեզոնանսային իրադարձության մասին տեղյակ չէ իմքայլականների սրտի նախարար Արսեն Թորոսյանը, սակայն վերջինս որևէ կերպ ստեղծված իրավիճակը դեռ չի մեկնաբանել:

Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն ցանկանում պատշաճ օգնություն ցուցաբերել արցախցիներին, ում հայրենիքը, հարազատ տները մեկ գրչի հարվածով խլվել են, իրենք էլ բռնել գաղթի ճամփան, այլ մի բան էլ, կարծես թե, դեմ են, որպեսզի սրտացավ քաղաքացիները անեն այն, ինչին իրենք ունակ չեն: Նորմալ երկրներում նման քայլի դիմած բժիշկը նույնիսկ կխրախուսվեր, օրինակ կդառնար մյուսների համար, սակայն ոչ Հայաստանում:

Իսկ գուցե պատճառը այն է, որ նախարար Արսեն Թորոսյանը ներքին վստահություն ունի, որ անվճար բուժօգնությունը չի՞ կարող լինել արդյունավետ և վերջինս աչք է փակում ԲԿ-ում իր իսկ կողմից նշանակած տնօրենների, համակարգում իր կադրերի նման խայտառակ գործողությունների վրա' ելնելով հենց այդ հավատամքից: Սակայն, վերլուծելով նախարար Թորոսյանի գործունեությունը նշանակման պահից ի վեր, ավելի հավանական տարբերակ է, որ արցախցուն օգնելու մեջ քյար չկա, փող չկա, չէ՞ որ հենց փողն է, որ դարձել է այս իշխանությունների իրական կրեդոն և քանի դեռ դու անում ես մի բան, ինչը որևէ կերպ կարող է խփել իշխանավորների և իրենց սատելիտների գրպանին՝ քեզ կարող են առանց որևէ բացատրության պարզապես դուրս շպրտել աշխատանքից: Նույն Արսեն Թորոսյանի հրամանով ամիսներ առաջ աշխատանքից ազատվել էր ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, քանի որ հասկանում էր Նորք ինֆեկցիոն կլինիկայի հետ միավորվելու աղետալի հետևանքները և առաջին հերթին մտածում էր պացիենտների, ոչ թե ֆինանսական օգուտների մասին: 2018-ին էլ Թորոսյանն առանց որևէ հիմնավորման աշխատանքից ազատել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանին: Ինչպես երևում է, արցախցու առողջությունը ավելի շատ հուզում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող բժիշկներին, ովքեր արդեն իսկ մոբիլ հոսպիտալ են տեղադրել Ստեփանակերտում և անվճար բուժօգնություն են տրամադրում արցախցի պացիենտներին...