Սպիտակի ավերիչ երկրաշարժից արդեն անցել է 32 տարի։ Բնության այս սարսափելի արհավիրքն ավելի քան 25 000 մարդու կյանք խլեց, հարյուր հազարավորներն անօթևան մնացին: Բայց մենք հաղթահարեցինք այս մեծ փորձությունը, շարունակեցինք ապրել ու արարել, զարգացնել ու ամրապնդել Հայաստանը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«2018-2020թթ. լուծվել է շուրջ 570 ընտանիքների բնակարաններով ապահովելու հարցը (ֆինանսավորման չափն՝ ավելի քան 6 մլրդ դրամ), որից միայն 2020թ. մեկնարկած ավարտական փուլի ֆինանսավորումը կազմում է 3,75 մլրդ դրամ՝ 229 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար:
Ավարտական փուլով՝ 2020-2021թթ. նախատեսված աշխատանքների իրականացմամբ, պետությունն ամբողջովին կկատարի երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շահառուների նկատմամբ ունեցած պարտավորությունները:
Ծրագրի ավարտով անօթևանության հարցն ամբողջությամբ դեռ չի կարգավորվում, կառավարության կողմից մեծ աշխատանք է տարվում մնացած խնդիրների գույքագրման և դրանց հնարավորինս շուտ ամբողջական ու վերջնական լուծում տալու համար», - նշել է Ավինյանը։