«Հաց պետք է հասցնեմ տղերքին»: Արամ Սվարյանը պատերազմի օրերին Ջեբրաիլում վարորդ էր, զինակից ընկերներին սնունդ էր հասցնում: Հայրենիքն Արամի համար սկզբնավորվում էր հենց այդտեղից, քրոջ հետ խոսելիս էլ ասում էր, որ պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ Ջեբրաիլը հետ վերցնենք:

«Ասացի՝ չես կարողանում այնպես անել, որ վարորդ չլինես, ասաց՝ հաղթելու համար պիտի մտնենք մեր խրամատներ ու գնանք մինչև վերջ, իմ խրամատն էլ մեքենան է»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է Արամի քույրը՝ Անահիտ Սվարյանը:

Քրոջ համար իդեալական եղբայր է եղել Արամը, ոչ այնքան խիստ, որքան պահանջկոտ: Անահիտը հիշում է, թե ինչպես էր եղբայրը լաց լինում իր համար... Միասին են դպրոց գնացել, սովորել նույն դասարանում, նստել՝ կողք կողքի: Զբաղվում էր  կարատեով, բոքսով, մասնակցում՝ տարատեսակ մրցույթների: Արդեն դպրոցն ավարտելու վերջին տարում սովորում էր նաև վարորդական դպրոցում, որպեսզի բանակում վարորդ լիներ: Հուլիսի 2-ին զորակոչվել է բանակ, զինվորական երդման արարողությունից հետո էլ Արամի ցանկությունը կատարվել է՝  դիրքեր զենք էր տեղափոխում:

Արամը պատերազմի օրերին անընդհատ զանգում էր հարազատներին, հուսադրում, որ ամեն ինչ լավ է լինելու: Երբ սկսեց այլևս չզանգել, Արամի ընկերը՝ Շոթան, զանգել ու ինչ-որ խառը, բայց հուսադրող բաներ էր ասել Անահիտին. «Ամեն ինչ լավ կլինի, Արամին հաստատ կգտնենք, ձիգ մնա...»: Մի քանի օր անց, Շոթան ևս չի զանգում, հարազատները փնտրում էին նրան...

«Արամի մյուս զինակից ընկերը զոհվել էր հենց նրա աչքի առաջ, ասում էր՝ մինչև դիրքից իջացրի, մարմինն արդեն սառել էր, բայց էդ դիրքը հետո հետ ենք գրավել, դրոշն էլ ես եմ դրել այդ դիրքում»,- պատմում է քույրն ու ավելացնում. «Ասես արդարացնում էր իր փրկվելը...»:

Արամից վերջին զանգը եղել է հոկտեմբերի 9-ին, երևի կանխազգալով որևէ վատ բան, խոսել է բոլոր հարազատների հետ՝ ասել, որ անպայման հաղթելու ենք...
Արփինե Հակոբյան