Արցախի պետական համալսարանը հայտարարություն է տարածել պատերազմի հետեւանքով դիպլոմները կորցրած շրջանավարտների վերաբերյալ:
«Արցախի պետական համալսարանի հարգելի´ շրջանավարտներ, ովքեր պատերազմի պատճառով կորցրել են իրենց դիպլոմները, համալսարանից դիպլոմների կրկնօրինակները ստանալու համար անհրաժեշտ է մինչեւ 2021 թ. հունվարի 20-ը դիմում ներկայացնել ԱրՊՀ գրասենյակ:
Նախկինում դիպլոմների եւ դրանց կրկնօրինակների տրամադրումը իրականացվում էր համալսարանի գիտխորհրդի կողմից ընդունված հատուկ կանոնակարգով, ըստ որի շրջանավարտը նախապես պետք է դիմում ներկայացնի, որ կորցրել է դիպլոմը, որից հետո այն պետք է ստանա՝ ինքնարժեքից երեք անգամ ավելի գումար վճարելով:
ԱրՊՀ գիտխորհուրդը որոշում է ընդունել, որ բոլոր այն շրջանավարտները, ովքեր պատերազմի արդյունքում կորցրել են դիպլոմները, նրանց անվճար հիմունքներով կտրամադրվի կրկնօրինակը: Մինչ այս բոլոր աշխատանքերի կազմակերպումը՝ ուսանողները կարող են ստանալ տեղեկանք՝ ԱրՊՀ կնիքով կնքված, որտեղ ներկայացված կլինի տվյալ շրջանավարտի ուսումնառության տարիների, կրթական ծրագրի մասին տեղեկություն, ինչպես նաեւ ԱրՊՀ-ից ստացած նրա ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի համարանիշը»,- ասված է հայտարարության մեջ: