Վրաստանի խորհրդարանը 85 «կողմ» և 5 «դեմ» ձայնով երրորդ ընթերցմամբ հաստատել է «Զինվորական պարտավորության և զինվորական ծառայության մասին» օրենքում ընդունվող փոփոխությունը, որի նպատակն է նվազեցնել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը մինչև մեկ տարի:
Զորակոչիկները 18 ամսվա փոխարեն կծառայեն 12 ամիս: Փոփոխությունը կվերաբերի նաև բանակում արդեն իրենց ծառայությունն անցկացնող զինվորներին:
Ինչպես հայտնում են օրինագծի հեղինակները, փոփոխությունները կնպաստեն զորակոչի հետ կապված բոլոր խնդիրների լուծմանը, քանի որ գործող օրենսդրությունը չի ապահովում զորակոչիկների միաժամանակյա ռոտացիան:
Միաժամանակ օրինագիծը նաև ենթադրում է տարկետման տրամադրման հնարավորություն նրանց համար, ովքեր անմիջապես դպրոցն ավարտելուց հետո միասնական քննություններին մասնակցելու դիմում են ներկայացրել՝ բուհ ընդունվելու համար: Նախկինում տարկետումը տրամադրվում էր միայն նրանց, ովքեր դեռևս սովորում են հանրակրթական դպրոցում:
Օրինագիծն ուժի մեջ կմտնի Վրաստանի նախագահի կողմից հաստատվելուց և արդարադատության նախարարության կայքում հրապարակվելուց հետո: