Լուսանկարում խիզախ ու հայրենասեր 19-ամյա Գառնիկ Գասպարյանն է, որը զոհվեց հանուն հայրենիքի պաշտպանության: Ծառայում էր Ջաբրայիլում, հրետանավոր էր, զինվորական գործին էլ լավ էր տիրապետում: Թե որտեղ կծառայեր, այդքան էլ էական չէր, կարևորը հայրենիքին զինվորական պարտքը տալն էր:
Գառնիկի հորաքրոջ տղան՝ Սահակ Աբրահամյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է, որ Գառնիկն անմահացել է՝ զինակից ընկերոջ կյանքը փրկելիս. «Գառնիկն ու մեր գերի ընկած զինծառայողներից մեկը միասին են եղել: Գառնիկը տեսել է, որ թշնամին մոտենում է իրենց, իսկ ընկերը ոտքից վնասվածք էր ստացել. Գառնիկը նրան տեղափոխել է փոսի մեջ, ապա նկատել, որ թշնամին արդեն բավականին մոտեցել է... իրեն նետել է ընկերոջ վրա ու փրկել նրա կյանքը»:
Այս մասին Գառնիկի ընտանիքին պատմել է նրա՝ նույն զինակից ընկերը:
Գառնիկը Երևանից էր, բնավորությամբ լռակյաց, լուրջ ու խոհուն: Հորաքրոջ տղան ասում է՝ շատ անկանխատեսելի էր, կայացրած որոշումներն անընդհատ փոփոխում էր:
Սիրած աղջիկ ուներ Գառնիկը, որն այդպես էլ չիմացավ այդ մասին: Հերոսը քայլել է ժամանակին զուգահեռ, իսկ ապագայի մասին խոսել չի սիրել:
«Գառնիկը սիրում էր լինել ամենուր, իսկ իրեն սիրում ու հարգում էին: Ամեն ինչ սրտին մոտ էր ընդունում, բայց չէր արտահայտվում, հայացքով էր հասկացնում ամեն ինչ»,- նկատում է Սահակը:
Հարազատները Գառնիկի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի մեկին, ասել է՝ ամեն ինչ լավ է, կզանգեմ: Երկու օր անց՝ հոկտեմբերի 3-ին, Գառնիկը զոհվեց անձնվիրաբար:
Երկար ժամանակ ընտանիքը Գառնիկին փնտրել է անհետ կորածների շարքերում, և միայն վերջերս, Գառնիկի ընկերը, գերությունից վերադառնալուց հետո, պատմել է եղելությունը:
Արփինե Հակոբյան