Վստահ եմ, որ դատարանն այս հիմքով հետագա ընթացք չի տալու, որովհետեւ հոդվածը բավականին խրթին գրված հոդված է, փաստական հանգամանքները որեւէ պատճառաբանական կապ չունեն 225.1 հոդվածի հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ հարուցված քրեական գործին։

Նա հայտնեց, որ պատերազմի մի քանի օրեր Սիմոնյանն անցկացրել է Առուշանյանի հետ։ «Պարզապես եկանք տեսնենք, թե ինչ քրեական գործ է, ինչ հոդվածով է հարուցված, հասկանալու համար գործընթացի տրամանաբանությունն ընդհանարապես։ Որպես իրավաբան կարող եմ ասել, որ այն հոդվածը, որով հարուցված է քրեական գործը, այդ հոդվածով երբեւէ դատական ակտ չի եղել։ Այս նույն հոդվածն է, երբ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանի նկատմամբ գործ հարուցվեց։ Հասկանում ես, որ դրա ներքո ոչ իրավական, ոչ փաստական հիմք չկա»,- ընդգծեց պատգամավորը։

Նա նշեց, որ վստահ է՝ դատարանն այս հիմքով հետագա ընթացք չի տալու, որովհետեւ այն բավականին խրթին գրված հոդված է. «Փաստական հանգամանքները որեւէ պատճառաբանական կապ չունեն 225.1 հոդվածի հետ։ Մենք բոլոր գործիքները պետք է օգտագործենք՝ միասնականության տրամաբանության մեջ պահելու ազգին, ոչ թե անընդհատ տարանջատենք։ Այն հոդվածը, որով գործընթաց սկսվել է, իրավական տրամաբանության մեջ չի տեղավորվում, ես այստեղ իրավական գործընթաց չեմ տեսնում»։

Հարցին՝ արդյոք քաղաքական տրամաբանության մեջ տեղավորվո՞ւմ է, Սիմոնյանն ասաց. «Քաղաքական տրամաբանության մեջ, իհարկե, տեղավորվում է, որովհետեւ նրանք, ովքեր ցույց կազմակերպելու կոչ են անում, նրանց ձերբակալում են»։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանը հիմա գտնվում է սոցիալ-քաղաքական ծանր պայմաններում եւ ամեն նման գործընթացի արդյունքում ավելի է բարդացվում վիճակը. «Փոխանակ իրավիճակը բերենք կայուն դաշտ, ազգային ներուժը համախմբենք, որովհետեւ պատերազմը չի ավարտվել։ Մենք ամե մի նոր գործողություն կատարելով իրավիճակը լաում ենք, անում ենք քաղաքական հայտարարություններ, սխալ իրավական հայտարարություններ ենք անում վարչապետի խոսքերով, որի տակից մենք սերունդներով դուրս չենք գալու»։