Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Սյունիքի մարզ, սակայն մուտք գործել Գորիս, Կապան և Մեղրի քաղաքաքներ` նրան չհաջողվեց. սյունեցիները վարչապետին ի սկզբանե ջերմ ընդունելություն էին խոստացել և այն ապահովեցին:
Այցի ընթացքում միջադեպ գրանցվեց Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցում, որի հոգևոր սպասավոր Տեր Պարգև Զեյնալյանը հրաժարվեց սեղմել Փաշինյանի մեկնած ձեռքը, ինչը մեծ ռեզոնանս առաջացրեց հանրության շրջանում: Փաշինյանը ինչպես երևում է ծանր է տարել այդ հրապարակային մերժման հանգամանքը, դա պարզ է դառնում Փաշինյանի աջակիցների տարածած հայտարարություններից: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Ավագյանը Facebook-յան ուղիղ եթեր էր դուրս եկել` հայտնելով, որ գնում են Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի (Սիսավանի վանք)` տեղի քահանա տեր Պարգև քահանա Զեյնալյանի հետ հաշիվներ պարզելու։
Այսօր էլ տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանի հրաժարականը նույնպես կապված է Հայ առաքելական եկեղեցու սպասավորների դեմ Փաշինյանի տված ապօրինի հրահանգներով: Մասնավորապես, հրահանգ տրվել է Մայր Աթոռի դիվանապետի Արշակ Սրբազանի վերաբերյալ, որը Համբարձումյանը չի կատարել: Ըստ մամուլի` Փաշինյանը բառացի հրահանգել է՝ հոգևորականին «գցել պադվալը, գլուխը ջարդել, որ խրատվի»: Համբարձումյանը վարչապետին ասել է, որ չի կարող հրահանգ տալ հոգևորականի վրա ձեռք բարձրացնել, որից հետո առաջարկել է դիմում գրել, դուրս գալ, որը բավարարվել է։
Դրանից հետո էլ Մայր Աթոռի դիվանապետը հրավիրվել էր ԱԱԾ և թեև ԱԱԾ-ն այդ հանգամանքը հերքել է, ինքը` Արշակ Սրբազանը, հաստատել էր՝ ԱԱԾ կանչվելու փաստը: Իսկ Փաշինյանի զայրույթը պայմանավորված էր Մայր Աթոռի ՝ կապիտուլյացիոն ակտը քննադատող հայտարարությամբ:
Փաշինյանը անշուշտ ծանր է տարել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից իրեն ուղղված հրաժարականի պահանջը: Ամենայն Հայոց կաթողիկոսը, ի դեպ, չէր մասնակցում շաբաթ օրը դեպի Եռաբլուր Փաշինյանի կազմակերպած երթին, ինչը ինքնին խոսուն հանգամանք է:
Ինչպես երևում է` Փաշինյանը ատամ ունի Հայ առաքելական եկեղեցու դեմ և այդ ատամը պայմանավորված է նրանով, որ իր յուրաքանչյուր հակապետական և հակազգային քայլից հետո եկեղեցին կանգնել է ժողովրդի կողքին` լինի դա Ստամբուլյան կոնվենցիան, որը միանշանակ մերժվեց եկեղեցու կողմից, թե Արցախի հանձնումը: Դրան ի պատասխան` Փաշինյանը խոսեց օրինակ՝ եկեղեցին հարկելու անհրաժեշտության մասին, կամ էլ ԱՄՆ-ից հոխոռտաց հոգևորականների վրա` սպառնալով վերջիններիս ծեփել պատերին: Հայ առաքելական եկեղեցու դեմ նման արշավ պատմության ընթացքում իրականացրել են միայն թուրքերը, միևնույն ժամանակ անգամ մոնղոլ-թաթարները եկեղեցի զինված մուտք չեն գործել, մի բան, ինչից չխորշեց Նիկոլ Փաշինյանը: Հետաքրքիր է` ո՞ւմից էր վախենում Աստծո տաճարում գտնվող վարչապետը` հայ հոգևորականի՞ց:
Փաշինյանի աջակիցների թվում մեծ թիվ են կազմում աղանդավորները և դա որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն, իր գրասենյակում հյուրընկալում էր Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի տնօրեն Հարութ Ներսեսսյանին։ Ինքը` Նիկոլ Փաշինյանը, բազմիցս կիսվել է աղանդավորական էջերով: Եվ այն ինչ այսօր տեղի է ունենում՝ Հայոց եկեղեցու պատմության դասագրքերը դպրոցներից հանելուց մինչև քահանաների ահաբեկում, սպառնալիքներ, այդ ամենը անշուշտ բխում է Փաշինյանի աջակից աղանդավորական կազմակերպությունների շահերից…