Քաջարանի քաղաքապետին ՀՀ քննչական կոմիտեից ծանուցագիր է ուղարկվել՝ վաղը հրավիրելով հարցաքննության։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը՝ նշելով, որ վաղը ժամը 14։00-ին պատրաստվում է ներկայանալ Քննչական կոմիտե։
Հարցին, թե ի՞նչ գործով է կանչվել, Փարամազյանն ասաց՝ այն վերաբերում է ամիսներ առաջ տեղի ունեցած իրադարձություններին․ «Մի կաթիլ մեղրի պատմությունն էր, երիտասարդ տղաների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել։ Ես գիտեի, թե այդ ամեն ինչնով է ավարտվել, որովհետև ոչ մի խնդիր չկար։ Իշխանությունը տեսավ, որ էլ բան չկա, սկսեցին ետևիցս ընկնել»,- ասաց նա։
Նրա կարծիքով՝ իրեն հարցաքննության հրավիրելն անմիջական կապ ունի ընդդեմ իշխանության իրականացրած ակցիաների հետ ․ «Մեր ընդհանուր ակցիաները ուղղված են այս ապիկար իշխանությանը։ Երեկ էլ էինք ակցիա կազմակերպել, որին, փաստորեն, հետևեց ինձ հարցաքննության կանչելը։ Ցավալին այն է, որ ես՝ որպես համայնքի ղեկավար և Քաջարանի կամավորական ջոկատի հրամանատար, այժմ գտնվում եմ պոստերում, իսկ իրենց համար դա միևնույն է՝ ինչ երկրի, սահմանների պաշտպանություն, իրենք չգիտեն՝ ինչ է հայրենիքը։ Ես պոստերից պետք է իջնեմ ու գնամ աբսուրդ հարցերի պատասխանեմ»,- նշեց Քաջարանի համայնքապետը։
Նա նշեց՝ այս քայլով իշխանությունն ուզում է «փակել իրենց բերանները», բայց չի կարող, քանի որ իրենք շարունակելու են մնալ իրենց սկզբունքներին ու պահանջներին հավատարիմ։
Նշենք, որ դեռևս մայիս ամսին Քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել քննվող մի գործից, որով անցնում է նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը: Ըստ քննող կառույցի հաղորդագրության՝ հենց այս գործի շրջանակներում ձերբակալվել էին 3 երիտասարդներ, որոնք Փարամազյանի մերձավոր շրջապատից էին: Պարզվել էր՝ երիտասարդները քաղաքապետի մասնակցությամբ մարդ էին առևանգել, նրան բռնի կերպով պահել, ծեծել, վիճաբանության մեջ մտել, նրանցից մեկի մոտ խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի բոլոր համայնքապետերը, այդ թվում՝ նաև Քաջարանի համայնքապետը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Սոնա Հարությունյան