Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը РИА Новости-ն տված հարցազրույցում նշել է, որ ԼՂՀ-ն դիմել է Ռուսաստանի կառավարությանը՝ խնդրելով աջակցել հետպատերազմական իրավիճակում տեղահանված բնակիչների տեղաբաշխման հարցում: Օգնության մի մասը Մոսկվան արդեն հատկացրել է:

Ինչպես հայտնել է արցախցի պաշտոնյան, տարածաշրջանում վերջին ռազմական հակամարտության ընթացքում մոտ 35-45 հազար արցախցիներ զրկվել են տանիքից: Նրանց թվում են ինչպես հրետակոծության հետևանքով ավերված տների բնակիչները, այնպես էլ նրանք, որոնց տները գտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:

«Այդ մարդկանց մեծ մասն այսօր Հայաստանում է գտնվում: Իհարկե, նրանց վերադարձնելու համար մենք պետք է նրանց ապահովենք գոնե կյանքի, կենցաղի համար անհրաժեշտ նվազագույն պայմաններով: Դա կառավարության առաջնահերթ խնդիրն է: Նրանց, ովքեր վերադառնում են, մենք անմիջապես ժամանակավոր կացարան ենք տրամադրում: Կօգտագործենք նաև հյուրանոցներն ու հասարակական շինությունները»,- ասել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ԼՂՀ իշխանությունները օգնության համար դիմել են նաև ՌԴ կառավարությանը: «Այսօրվա դրությամբ այս հարցը քննարկվում է: Օգնության մի մասն արդեն հատկացվել է. դա և՛ շինանյութ է, և՛ առաջին անհրաժեշտության ապրանքներ, ինչպես օրինակ՝ ծածկոցներ և նմանօրինակ իրեր»,- հավելել է գործիչը: