Իսկ իշխանությանը մեզ նման մարդիկ պետք չեն, ուզում են չեզոքացնել, որպեսզի այն եղածը, ինչը մենք պահում ենք, հանձնեն թշնամուն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, հաղորդում է News.am-ը։
«Մեր Սյունիքի ողնաշարը շատ ուժեղ է։ Մեր սյունեցիներն անվախ են, մեր սյունեցիներին չեն կարող ծնկի բերել։ Մեր սյունեցիները հասարակ, ազնիվ, պետականամետ մարդիկ են։ Պատմությունը որ նայում ենք, Սյունիքը մի զբաղեցնում է իր ուրույն տեղը։ Մենք շատ ուժեղ ենք, ինչպես մեր լեռները։ Եթե պատերազմն ավարտված լիներ, այսօր հող չէին տա ու մարդկանց էլ չէին գերեվարի։ Այսօր խնդիրն այն է, որ մարտական դիրքերը թողել եմ, տղաներիս թողել եմ, եւ ինձ անհիմն մեղադրանք են առաջադրում, փորձում են կալանավորել։ Դրանից ո՞վ պիտի շահի։ Թող գնան, պատասխան տան անհետ կորածների մայրերին, որ մինչեւ հիմա ողբում են։ Մեր ցավն ուրիշ ցավ է»,- նշեց Փարամազյանը։
Նրա խոսքով՝ սյունեցինեը հող չեն զիջել, իրենք հրամանով ստիպված նահանջել են. «Որ իշխանությունը խոսում է, թե մենք ամուր կանգնած ենք սահմաններին, մեր զինվորները պահում են Սյունիքի սահմանները, ես հավատացնում եմ, որ մեզ մոտ չկա զինվոր, այսինքն՝ 18-20 տարեկան զինվոր չկա, չկա կանոնավոր բանակ, մենք ենք պահում կամավորներով»։
Մանվել Փարամազյանը շեշտեց, որ մինչեւ հիմա պետության կողմից մի աջակցություն չի եղել Սյունիքին. «Մի հատ լուցկու չոփ չկա։ Մենք անում ենք մեր անձնական միջոցներով։ Պատերազմի սկսելու օրվանից ֆորմա ենք ուզում, անգամ ֆորմա չեն տալիս։ Մենք այնքան հիասթափված ենք այս իշխանություններից, որ չենք էլ ուզում այդ մասին խոսել։ Իրենց համար սովորական բան է հող տալը, զիջելը, մարդուն անտերության մատնելը։ Մի ստորակետ անգամ մեր օգտին չարվեց։ Էլ արդեն տալու բան էլ չկա»։
Հիշեցնենք, որ դատարանում քննվում էր նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության հարցը։