«Արարատ-73»-ի երջանկահիշատակ կիսապաշտպան, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արկադի  Անդրիասյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին` ժամը 17:30-19:00 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 26-ին` ժամը 13:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ): «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ հավելելով, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արկադի Անդրիասյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: 

Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին 73 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արկադի Անդրիասյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է լեգենդար ֆուտբոլիստի ընտանիքին, մերձավորներին, հայկական ֆուտբոլի երկրպագուներին:

Արկադի Անդրիասյանը ծնվել է 1947 թ. օգոստոսի 11-ին Բաքվում: 1974 թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

1969-78 թթ. Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում։ Անցկացրել է 242 խաղ, խփել 61 գոլ: 1972 թ.-ին դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 1973 թ.-ին` ԽՍՀՄ չեմպիոն, 1971 և 1976 թվականների (գարնանային) առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973 և 1975 թթ.`  ԽՍՀՄ գավաթակիր, 1972-1975 թթ. ԽՍՀՄ գլխավոր հավաքականի անդամ,  մասնակցել է 12 խաղի, խփել 1 գոլ: 1969-72 թթ. հանդես է եկել ԽՍՀՄ օլիմպիական հավաքականում, մասնակցել է 10 խաղի, խփել 4 գոլ, ԽՍՀՄ 1976 թվականի գարնանային առաջնության լավագույն ռմբարկու է (8 գոլ)։

Մրցելույթներն ավարտելով՝ որպես գլխավոր մարզիչ աշխատել է Աբովյանի «Կոտայքում» (1979-81 թթ.), Երևանի «Արարատում» (1982-1983 և 1986-1989 թթ.), Հոկտեմբերյանի «Սպարտակում» (1984-1985 թթ.) և ՀՀ առաջնության մասնակից Էջմիածնի «Զվարթնոցում» (1992-1993 թթ.)։ Աշխատել է նաև Լիբանանում (1993-1995 թթ.), այնուհետև գլխավորել է Երևանի «Արարատը» (1996-2003 թթ.), «Միկան»։

Արկադի Անդրիասյանը հայ անվանի ֆուտբոլիստ (կիսապաշտպան) էր, ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, բարձրակարգ տեխնիկայի տեր, տակտիկական ճկուն մտածողությամբ և նուրբ դիտողականությամբ ֆուտբոլիստ, խաբսի և փոխանցման վարպետ, խաղի հմուտ կազմակերպիչ, դիպուկ հարվածող, լավագույններից մեկը հայկական ֆուտբոլում։

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած լեգենդար ֆուտբոլիստն արժանացել է բազմաթիվ պարգևների, պարգևատրվել է նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Լեգենդար ֆուտբոլիստի անունը ոսկե տառերով է գրված հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Նրա  ավանդն անգնահատելի է հայկական ֆուտբոլի զարգացման և ճանաչելիության գործում: Արկադի Անդրիասյանի հիշատակը միշտ վառ կմնա հանրության և ֆուտբոլային գալիք սերունդների հիշողություններում»: