Արտահերթ ընտրությունների մասին ես մի քանի անգամ խոսել եմ, այդ թվում՝ ԱԺ ամբիոնից, խոսել եմ հարցադրման ձևով՝ իսկ ինչո՞ւ այն ուժերը, որ պահանջում են վարչապետի հրաժարականը, չեն պահ ԱԺ արտահերթ ընտրություններ, որովհետև իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը, և ժողովրդի կամարտահայտությունը ի ցույց դնելու ձևերից մեկը խորհրդարանական ընտրություններն են, այն պարագայում, երբ հրապարակում ժողովրդի կամարտահայտություն հնարավոր չի լինում ի ցույց դնել այն պայմաններում, երբ ընդդիմությունը վայելում է հսկայական ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ռեսուրսների։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պլաններ են փոխվել վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզում, քանի որ վերջինս խոսել է արտահերթ ընտրությունների մասին։

Նա նշեց, որ իր առաջարկի մեջ կոնկրետ ժամկետներ չկան, մյուս կողմից էլ կարող է հույս ունենալ, որ ճանապարհային քարտեզում նշված հարցերի առաջին շերտը առնվազն կարող է ավելի արագ լուծվել, քան ի սկզբանե նախանշվել է։

Հարցին, թե այդ դեպքում ինչ կոնսուլտացիաների մասին է խոսքը, վարչապետը պատասխանեց․

«Առաջին հերթին խորհրդարանական ուժերի հետ խորհրդակցությունների մասին է, քանի որ այսօրվա մեր օրենսդրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու միայն մի մեխանիզմ կա․ վարչապետը հրաժարական է տալիս, ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրում և նշանակվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, և սրա համար պետք է համաձայնություն ձեռք բերել խորհրդարանական ուժերի հետ։ Կամ կա այլ տարբերակ, որ մենք փոփոխություններ իրականացնում Սահմանադրության մեջ, և խորհրդարանը ստանում է ինքնալուծարման և խորհրդարանական արտահերթ ընտրություններ նշանակելու լիազորություն։ Ինչու եմ խորհրդակցությունների հրավեր անում, քանի որ կարևոր է, որ որոշումը լինի ոչ թե կառավարության կամ խորհրդարանական մեծամասնության միանձնյա որոշմամբ, այլ դրա շուրջ որոշակի ըմբռնում ձեռք բերվի»,- նշեց նա։

Ընդդիմության այն պնդումներին, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է և հավակնում է մնալ մինչ ընտրությունները, երկրում անկայունություն է լինելու, վարչապետն արձագանքեց, որ կան մարդիկ, որ պահանջում են, որ ինքը հրաժարական տա, կան մարդիկ, որ պահանջում են, որ հրաժարական չտա։

«Հարցը հետևյալն է․ ինչու ենք մենք ելնում այն կանխավարկածից, որ այդ մարդկանցից մի մասի ձայնը պետք է լսվի, մյուսինը չլսվի։ Ես առաջարկում եմ մեխանիզմ, որով լսվի բոլորի ձայնը, և դրանց հարաբերակցությունը լինի կշռելի և չափելի։ Սա հանրային համերաշխություն ձևավորելու մեխանիզմ է։ Բանավեճը հետևյալի մեջ է՝ ով պետք է որոշի իշխանության ճակատագիրը։ Իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը»,- ասաց Փաշինյանը։