2021 թվականին համաշխարհային հանրությունը պետք է հատուկ ուշադրություն հատկացնի կորոնավիրուսի նոր շտամների ուսումնասիրությանը: Ժնեւում ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱՀԿ գործադիր տնօրեն Թեդրոս Հերբեյեսուսը:
«Հաջորդ տարի կլինեն դժվարություններ եւ նոր մարտահրավերներ, օրինակ՝ COVID-19-ի տարբերակներ»,-ասել է Հեբրեյեսուսը:
Rbc.ru-ի հաղորդմամբ՝նա նշել է, որ ԱՀԿ-ն սերտորեն համագործակցում է ամբողջ աշխարհից գիտնականների հետ, որպեսզի լավ հասկանա, թե ինչպես է փոխվում կորոնավիրուսը, եւ ինչպես են այդ մուտացիաներն ազդում դրա՝ հիվանդության զարգացմանը հանգեցնելու եւ տարածվելու ունակության վրա:
Հեբրեյեսուսը շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիային եւ ՀԱՀ-ին «նոր տեսակների հայտնաբերման համար» եւ այլ երկրների կոչ արել կիսվել նոր շտամների մասին տեղեկությամբ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայի իշխանությունները կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել, որը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան SARS-CoV-2-ը: Սակայն այդ շտամը չի ազդում հիվանդության ծանրության վրա: Այս մասին ասել է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն:
Վիրուսի նոր շտամը հայտնաբերվել է նաեւ մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Դանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում եւ Ավստրալիայում: Դեկտեմբերին կորոնավիրուսի նոր մուտացիաների մասին հայտնել են նաեւ Նիգերիայում եւ ՀԱՀ-ում: