Մոսկվայում ավարտվեց շուրջ 4 ժամ տևած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը: Թեև օրեր առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ գերիների փոխանակման հարցը լինելու է անկյունաքարայինն այս հանդիպմանը, իսկ վարչապետի խոսնակը համոզում էր հանրությանը, որ այսօր Մոսկվայում Արցախի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու՝ արդյունքները, մեղմ ասած, հակառակն են:

Փաշինյանը հանդիպումից հետո հայտարարեց, որ չի հաջողվել լուծել գերիների փոխանակման հարցը, բայց, արի ու տես, որ Փաշինյանը դեմ չի եղել ստորագրել մի փաստաթուղթ, որը կոչվում է Արցախի զարգացման ծրագիր և որի բովանդակության մասին հանրությանը ոչինչ հայտնի չէ: Գերիների հարցը լուծել չկարողացած Փաշինյանը նաև կողմ է եռակողմ՝ հայ-ռուս-ադրբեջանական հանձնաժողովի ստեղծմանը, որը կսկսի քննարկել տարածաշրջանի տնտեսական ապաշրջափակման հարցերը՝ մի բան, ինչը բխում է բոլոր կողմերի շահերից, բացի իհարկե՝ Հայաստանի:

Փաշինյանը հանդիպումից հետո խոսեց այն մասին, որ հակամարտությունը դեռ լուծված չէ և բաց է Արցախի կարգավիճակի հարցը: Այս հայտարարությունը առավելապես ուղղված էր ներքին լսարանին, քանի որ Ադրբեջանի նախագահը տվյալ հարցում ունի տրամագծորեն հակառակ կարծիքը. վերջինիս համար Արցախյան հակամարտությունը գտել է իր վերջնական լուծումը: 

Հանդիպման արդյունքներից պետք է առանձնացնել նաև այն, որ ինչպես երևում է արված հայտարարություններից՝ Մինսկի խմբի ֆորմատը պահպանվելու է: Միևնույն ժամանակ, Իլհամ Ալիևը շարունակում է խոսել հակամարտության կարգավորման գործում տարածաշրջանային մյուս խաղացողների ներգրավման անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով, իհարկե, Թուրքիային: Հետևաբար, կարելի է փաստել, որ ֆորմատը պահպանվում է, սակայն դրա ընդլայման հավանականությունը դեռ առկա է՝ կրկին ոչ ի օգուտ հայկական կողմի:

Մոսկովյան հանդիպումը մեկ անգամ ևս ապացուցեց, որ հայկական կողմի բանակցողը օր առաջ պետք է փոխվի, քանի որ կապիտուլյացիոն խայտառակ ակտը ստորագրած ղեկավարի կողմից յուրաքանչյուր նոր ստորագրած փաստաթուղթ պարզապես նոր կապիտուլյացիա է հայկական կողմի համար...