Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Սևանի Նաիրյան փողոցի բնակիչներից մեկը տանն ապօրինի հրազեն է պահում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հունվարի 12-ին քրեական հետախույզներն այցելել են 26-ամյա երիտասարդի բնակարան։ Ոստիկանների պահանջով նա ներկայացրել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Պահունակում առկա է եղել 5,45 մմ տրամաչափի 22 փամփուշտ։

Երիտասարդը հայտնել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին ինքնաձիգը ստացել է Արցախում ու հետը բերել Սևան։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

«Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։