Հետպատերազմյան այս շրջանում սոցիալական հսկայական բեռ է ավելացել պետության ուսերին, ինչը ստիպում է բազմաթիվ սոցիալ-տնտեսական ծրագրերի ուղղությամբ որոշակի սահմանափակումներ նախատեսել: Սակայն կրթության և, հատկապես, առողջապահության ոլորտներում մեր նախապես որդեգրած քաղաքականությունը զգալի փոփոխությունների չի ենթարկվի՝ պայմանավորված դրանց ռազմավարական նշանակությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Մասնավորապես, իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը, որի միջոցով բազմաթիվ ընտանիքներում մանուկներ կծնվեն:

Մեզ համար ճակատագրական այս շրջափուլն ունի իր հրամայականը՝ հայոց օջախներում պետք է լսվի նորածնի ճիչը՝ որպես մեր ազգի ու Հայրենիքի հավերժականության առհավատչյա...»,- նշել է նախագահը։