Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը հայտնել է, որ Ադրբեջանից իրեն 50 հազար դոլար են առաջարկել՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» գրքույկը չհրապարակելու համար։

«Նախագահ Ալիևը հավանաբար լսել է իմ հրապարակման մասին:

Ես առաջարկ ստացա՝ չհրապարակել «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործություններն Արցախում 2020» գրքույկը՝ 50 000 դոլարի դիմաց։

ԻՄ պատասխանը Բաքվին. ԱԶԱՏԵՔ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ»,-ֆեյսբուքում գրել է Բուչեկն ու հրապարակել ոմն Ռուֆատ Հ-ի (ազգանվան տառերը փակել է քաղաքական գործիչը) առաջարկը, որում ասվում է․ «Ադրբեջանի կառավարությունը ձեզ կտա 50 հազար դոլար, եթե չհրապարակեք Ադրբեջանի հանցագործությունները հրապարակումը։ Եթե հետաքրքրված եք, խնդրում ենք հունվարի 25-ին ֆեյսբուքի ձեր էջում դրեք Բաքվի նկարը»։

Հետաքրքրական է առաջարկում «Բաքվի հանցագործությունները» նշումը, ինչը փաստում է, որ առաջարկ անողները՝ Ադրբեջանի կառավարությունն ընդունում է դրանք։

Նշենք, որ Բուչեկը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից սկսել էր «Մարդկության դեմ գործած հանցագործությունների համար Ադրբեջանին կանգնեցնել միջազգային տրիբունալի առաջ» արշավն  ու change.org կայքում այս պահանջով ստորագրահավաք էր նախաձեռնել։

Բուչեկը պատրաստել է «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործություններ» հրապարակումը, որը հիմնված է հաստատված աղբյուրների վրա։

Այն, ինչպես նշում է Բուչեկն իր ֆեյսբուքի էջում, աշխարհում առաջին տպագիր հրատարակությունն է 2020 թվականին Ղարաբաղում հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ (չափը A5` 40 էջ):

Բրոշյուրը նախատեսվում է տպագրել 1000-ից 2000 տպաքանակով։ Այն անվճար է լինելու՝ կախված տպագրության համար հավաքված գումարից (կարող եք նվիրատվություն կատարել PayPal-ով հետևյալ հղումով)։

Հրապարակումը կուղարկվի միջազգային կազմակերպություններին և քաղաքական գործիչներին: Այն տարածվելու է նաև Հայաստան կատարելիք այցի ընթացքում:

«Հրապարակումը նվիրված է Ադրբեջանում ձերբակալված և խոշտանգումների ենթարկված հայ ռազմագերիներին: Ազատեք ռազմագերիներին»,-գրել է Բուչեկը:

Հիշեցնենք, որ օրերս միայն Ադրբեջանի կոռուպցիոն մեխանիզմի արդյունքում 4 տարվա ազատազրկման դատապարտվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախկին փոխնախագահ, այդ կառույցում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեն:Նա մեղադրվում է Ադրբեջանից 2,3մլն եվրո կաշառք ստանալու մեջ։