Հայտնի դերասանուհի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բարեկամ Արսինե Խանջյանը ևս միացել է մեր «Մենք ենք մեր ծառերը» (We are our Forests) արշավին՝ կոչ անելով աջակցել Արցախում անտառվերականգնման ծրագրի իրականացմանը։ Հիշեցնենք, որ FPWC կողմից մշակվել և իրականացվում է «Մենք ենք մեր ծառերը» (We are our Forests) արշավը, որի նպատակն է Արցախում 50 000 ծառ տնկել՝ նպաստելով տեղի էկոհամակարգի կայունացմանը։

2020 թ․ աշնանը Արցախում տեղի ունեցող ցավալի իրադարձությունների ընթացքում Հիմնադրամը շուրջ 50 մլն դրամ արժողությամբ նվիրատվություն՝ մարդասիրական և տեխնիկական աջակցություն է տրամադրել Արցախին։

«Սա ճիշտ ժամանակին իրականացվող արշավ է թե՛ կարճ ժամանակում մեր սիրելի Արցախին օգնելու, թե՛ ամբողջ Հարավային Կովկասի համար։ Ես մի քանի անգամ նվիրատվություններ եմ արել FPWC տարբեր բնապահպանական նախագծերի համար ու տեսել եմ, որ Հայաստանն օգուտ է քաղում դրանցից՝ կրթության, ներգրավվածության, բնության և մեր հայրենիքի կենսաբազմազանության պահպանության միջոցով»,- գրել է Արսինե Խանջյանը:

Դերասանուհին կոչ է արել իր 25 հազար ֆեյսբուքյան ընկերներին թեկուզ նվազանգույն՝ 1 դոլար նվիրատվություն կատարել՝ այսպիսով նպաստելով Հայրենիքի առողջացմանը։ 

Ընդգծենք, որ արշավին կարող են միանալ բոլորը «1 դոլար = 1 ծառ» բանաձևով (հղում՝ https://www.fpwc.org/donate// )։ 2021 թվականի մարտ ամսից նախատեսվում է մեկնարկել աճեցման գործընթացը, իսկ արդեն հոկտեմբեր ամսին բույսերը պատրաստ կլինեն տնկելու ընտրված վայրերում։ Տնկման շրջանը սկսվում է հոկտեմբեր ամսվա կեսից և ձգվում է մինչև նոյեմբերի վերջ, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև եղանակային պայմանները, ինչից կախված տնկման աշխատանքները միգուցե հնարավոր լինի իրականացնել նաև ձմռան ամիսներին։ Հիմնադրամը մշտապես հետևողական է կատարած աշխատանքի արդյունավետության նկատմամբ ու, առաջնորդվելով այս գաղափարախոսությամբ և իրականացնելու համար տնկված ծառերի հետագա խնամքը, FPWC համագործակցում է «Արցախի բնության հիմնադրամի» (ANF) հետ, որն Արցախում առաջին բնապահպանական ՀԿ-ն է։

FPWC և ANF նախատեսում են հետևել ծառերի բնական աճին՝ պայմանականորեն, 5 տարի շարունակ։ Հետագա խնամքը ներառում է ոռոգման իրականացում ամռան ամիսներին, պահպանություն անտառապահների կողմից, ինչի միջոցով կկանխարգելվի տարածքների օգտագործումը որպես արոտավայրեր և խնամքի այլ եղանակների իրականացում։