«Վարչապետի պատասխանը խեղաթյուրված է ներկայացվել, վարչապետի հետ հարց ու պատասխանի թեման չի եղել այն՝ Շուշին հայկական է, թե ոչ։ Շուշին պատմական հայկական քաղաք է, և դա պատմագիտական փաստ է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նշեց, որ հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է հետևյալը՝ «և պատերազմի ընթացքում, և պատերազմից առաջ ամբողջ բանակցային գործընթացի մաս է եղել փախստականների վերադարձը։ Ընդ որում, այն փախստականների, որոնք փախստական էին դարձել 90-ականների առաջին պատերազմի ընթացքում։ Իսկ պատերազմից առաջ, այսինքն՝ 1987 թվականի դրությամբ, Շուշիի բնակչության մոտ 90 տոկոսն ադրբեջանցիներ էին։ Հետևաբար, ենթադրյալ վերադարձի դեպքում Շուշիի բնակչությունը պետք է 90 տոկոսով դառնար ադրբեջանական»։

Ռուբինյանի խոսքով՝ սա ասելով՝ վարչապետը հետադարձ հարց էր հղել Նաիրա Զոհրաբյանին․ «Եթե ես համաձայնեի Շուշի փախստականների վերադարձին, այդ պայմաններում արդյոք Շուշին շարունակելո՞ւ էր մնալ հայկական»։

«Այս ասածս հաշվի առնելով՝ այս խոսակցությունն ընդհանրապես Շուշիի հայկական լինել-չլինելու մասին էր, թե՞ փախստականների վերադարձի դեպքում Շուշիի փաստացի վերահսկողության»,- հարցադրում արեց Ռուբինյանը։ Ըստ նրա՝ ընդդիմադիր հատվածի ու նաև մամուլի մի զգալի հատված գիտակցաբար խեղաթյուրել են վարչապետի խոսքը։

Ռուբինյանը հավելեց, որ բոլորն էլ գիտեն, որ մինչև 1921 թվականը Շուշիի բնակչության մեծ մասը եղել է հայկական, և Շուշին հայաթափվել է այդ թվում՝ էթնիկ զտումների բերումով։
Տեսանյութը' 168.am-ի