Հայրենիքին իր կյանքը նվիրեց նաև Արկադի Հախումյանը, որն ընդամենը 2 ամիս էր, ինչ ավարտել էր զինծառայությունը: Նա որպես կամավոր մեկնեց հայրենիքը պաշտպանելու, տալով իր ամենաթանկը՝ կյանքը: Արկադին զոհվել է հարազատ եղբոր՝ Էրիկ  Հախումյանի հետ, որը ժամկետային զինծառայող էր. «Երկու եղբայր գերազանց տիրապետում էին մեքենաների վերանորոգման արհեստին: Հենց իրենք էին վերանորոգում պատերազմի ընթացքում անսարք մեքենաները: Նրանց շնորհիվ շատ շտապօգնության մեքենաներ կարողանում էին փրկել վիրավոր տղաների կյանքերը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արկադիի կինը՝ Միլենա Գրիգորյանը:
 
Արկադին Միլենայի աչքերով բարդ բնավորությամբ մարդ էր, կռվարար, համառ, շատ կատակասեր էր ու ժպտերես: Նա 2 ամիս էր, ինչ ամուսնացել էր. «Մենք 2 տարի ընկերություն ենք արել, ինքը ծառայության մեջ էր, շատ դժվար էր հեռու մնալ այն մարդուց, ում կյանքիցդ շատ ես սիրում։ Իմ ծնողները դեմ էին մեր շփմանը, բայց... »,- նշեց Միլենան:
 
Միլենայի ծնողները դեմ էին իրենց դստեր և Արկադիի շփմանը, քանի որ Միլենան դեռ փոքր էր, և բացի այդ սովորում էր: Սակայն դա չխանգարեց երկու սիրող սրտերին միասին լինել. « Հուլիսի 9-ն էր. վերջապես մեր այդքան սպասված օրը եկավ։ Ամուր գրկեց ինձ ու ասաց, որ շնորհակալ է 2 տարի իրեն սպասելու համար. դա իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր»,- կարոտով վերհիշեց Արկադիի կինը:
Բազում խոչընդոտներ հաղթահարելուց հետո օգոստոս ամսին Արկադին և Միլենան արդեն միասին էին. «Ծնողներս չէին խոսում հետս, բայց տեսնելով, որ ես իրոք երջանիկ եմ, հաշտվեցին մեզ հետ: Արկադիս գիտեր, որ իմ երազանքներից մեկը բժիշկ դառնալն է ու չուզեց, որ իմ ուսումը կիսատ մնա: Ամեն ինչ թողեց ու միասին եկանք Երևան: Խոսատցավ, որ եթե քննություններս բարձր ստանամ, հարսանիք կանենք: Նույնիսկ գնել էինք իմ հարսանյաց զգեստը...»,- ցավով ասաց Միլենան:
Պատերազմի լուրը ստանալուն պես Արկադին մեկ վայրկյան անգամ չվարանեց կամավորագրվելու հայրենիքի պաշտպանությանը. «Ես չէի ուզում, որ գնար, լացում էի անընդահատ։ Բայց ինքը չլսեց ինձ. ասում էր՝ ես ուզում եմ իմ երեխան Ստեփանակերտում ծնվի ու ես ինչ տղա պիտի լինեմ, որ իմ հողը, իմ կնոջը ու իմ մայրիկին չկարողանամ պաշտպանել...»,- սրտի կսկիծով ասաց հերոսի կինը:
 
Ըստ մեր զրուցակցի՝ Արկադին միշտ մահանալուց էր խոսում, ասում էր. «Եթե իմ հետ վատ բան լինի, հանկարծ չլացես ու չասես, որ չես ապրի դու, պետք ա ապրես իմ համար, դու իմ ուժեղ աղջիկն ես, Արկադիի խոսքերն էին՝ ինձ: Ասում էր նաև, որ իրենց դիրքերի տղաները բոլորը թագավորներ են, որոնք մեր հողը արժանապատիվ պահում են»,- պատմեց Միլենան:
Արկադին սիրելիի հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 5-ին. «Տրամադրությունը նորմալ էր։ Վերջին խոսակցությունը այն է եղել, որ ասացի՝ խոստացի, որ հետ ես գալու, ինքնել խոստացավ, ասացի՝ հավատում եմ քեզ, ես 2 տարի սպասել եմ, մի քանի օր էլ կսպասեմ»,- ցավով նշեց Արկադիի սիրելին:
Միլենան մինչև վերջին վայրկյանն էլ հավատացել է, որ Արկադին վերադառնալու է, սակայն այլ էր զգացողությունը Արկադիի մոտ. « Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ ինքը կարող ա հետ չգա, նույնիսկ, մտքովս չէր անցնում։ Բայց Արկադին զգում էր կարծես. վերջին օրերին ավելի շատ էր զանգում, ասում էր, որ մտածում եմ հնարավոր ա էս մեր վերջի խոսակցությունը լինի, գժվում եմ»,- եզրափակեց Միլենան:
Արկադին եղբոր հետ զոհվեց նոյեմբերի 6-ին: 
 
Զվարթ Պետրոսյան