Չեխ վարժեցնողների թիմը զեկուցել է մարդու հոտերի նմուշներում շների կողմից COVID-19-ը հայտնաբերելու 95 տոկոսանոց հաջողության մասին, հայտնում է RG-ն՝ վկայակոչելով phys.org-ին:

Չեխական լեռնային գյուղում փորձարկումներին մասնակցել է երեք շուն: Նրանք հոտոտել են վեց անոթներ, որոնցից մի քանիսի մեջ դրված էին կորոնավիրուսով վարակված պացիենտների հոտով հյուսվածքի կտորներ: Կինոլոգների խոսքով՝ շներն անմիջապես նկատում են COVID-19 «մակագրությունը», նստում եւ սկսում են պոչը այս ու այն կողմ շարժել:

Կենդանիների վարժեցումը սկսվել է կես տարի առաջ: Նախագծի ղեկավար Գուստավ Խոտովիի խոսքով՝ այս մեթոդը պետք է գործի նաեւ այլ հիվանդությունների դեպքում, նույնիսկ ավելի մահաբեր, քան COVID-19-ը: Գիտնականները վստահեցնում են, որ ցանկացած շան կարելի է վարժեցնել վիրուսների հայտնաբերմանը:

Համանման առաջին հետազոտությունները ԱՄՆ-ում սկսվել են մոտ 10 տարի առաջ: Հելսինկիի օդանավակայանում համանման փորձեր է անցկացրել նաեւ ֆիննական խումբը՝ հաստատելով 100 տոկոսին մոտ ճշգրտությամբ վիրուսը հայտնաբերելու շների ունակությունը: