Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական գործ է հարուցվել: Tert.am-ի հարցին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասել է. «Թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ թիվ 1 կայազորում' ՀՀ ՔՕ ֊ի 34-104-րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին, 6֊րդ, և 13֊րդ կետերով, և 185֊րդ հոդվածի 3֊րդ մասի 1֊ին կետով: Նախաքննությունը շարունակվում է»:
Հարցին, թե Ջալալ Հարությունյանը հարցաքննվե՞լ է և դատավարական կարգավիճակ ունեցող անձ կա, Արևիկ Խաչատրյանն ասաց. «Հարությունյանը հարցաքննվել է, այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա»:
Նշենք, որ ' ՀՀ ՔՕ ֊ի 34-104-րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին սահմանում է՝ սպանության փորձ երկու և ավելի անձանց նկատմամբ: ՔՕ-ի 185-րդ հոդվածը սահմանում է գույքը դիտավորությամբ ոչնչացնելը:
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: