ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է, որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երշխավորը:
Ռուբինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կայացած՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ասուլիսում:
«Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը»,- ասաց Ռուբինյանը:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում աշխատանքներին՝ նա նշեց, որ Ադրբեջանի պատվիրակությունն այնպես է պահել իրեն՝ կարծես կոնֆլիկտը վերջացած է, և դրանից բխող բոլոր խնդիրները լուծված են, կարծես չկա գերիների խնդիր, չկա ատելության խոսքի խնդիր, և հիմա պետք է մտածել վստահության մեխանիզմներ ստեղծելու մասին: «Եվ մեր թեզը հետևյալն էր՝ չկա որևէ փաստ, որը կվկայի, որ Ադրբեջանի կողմից խնդիրները լուծվում են կամ Ադրբեջանի քաղաքականությունը կառուցողական է: Հակառակը՝ կան բազմաթիվ փաստեր, որ լրիվ հակառակն է՝ շարունակում է չլուծված մնալ ռազմագերիների խնդիրը, Ադրբեջանում շարունակվում է հակահայկական քաղաքականություն վարվել, Ադրբեջանում թողարկվում են հայատյաց նամականիշներ, և այդպես շարունակ»,-ասաց Ռուբինյանն ու հավելեց՝ նրանք գիտեն, որ այդ առումով միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա շարունակաբար մեծանալու է: