Ոստիկանության բարեփոխումների համատեքստում ստեղծվելիք Պարեկային ծառայությունում աշխատելու համար հավաքագրվել են շուրջ 700 քաղաքացիներ:
Նման որոշում մեկ տարի առաջ կայացրել է ՀՀ կառավարությունը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն իր մասնակցությունը ևս ունեցել է քաղաքացիների ընտրման և հավաքագրման հարցում, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ 700 քաղաքացիներից շուրջ 200-ը Ոստիկանության ծառայողներ են, 500-ը՝ քաղաքացիական անձինք, որոնցից մոտավորապես 50-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ:
«Իրենք ընտրվել են բավականին երկար մրցույթից հետո, այսինքն՝ եղել է փաստաթղթերի ստուգում, որն իրականացրել է Ոստիկանության ակադեմիան, առողջական ստուգում, որն իրականացրել է Ոստիկանության ռազմաբժշկական հանձնաժողովը, ֆիզկուլտուրայի ստուգում, որն իրականացրել է Ոստիկանության ակադեմիան, այնուհետև թեսավորմամբ՝ IQ, որը կրկին Ոստիկանության ակադեմիան է իրականացրել: Այնուհետև եղել է հարցազրույցի փուլ, որն իրականացրել են հարցազրույցի համար կազմված 7 հանձնաժողովները: Ամեն հանձնաժողովում եղել է մեկ ներկայացուցիչ միջազգային այն կազմակերպություններից, որոնք ֆինանսավորում են այս ռեֆորմը, մեկ ներկայացուցիչ Քաղացիական հասարակության կազմակերպություններից, մյուսները ՀՀ պետական հիմնարկներից՝ Արդարադատության նախարարություն, Ոստիկանություն, Ոստիկանության ակադեմիա: Քաղհասարակության 7 տեղերից 2-ը եղել են «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչներ, 2-ը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, 2-ը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայից և 1-ը «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունից»,- մանրամասնում է Իոաննիսյանը:
Գործընթացը ղեկավարում է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդը, որի ղեկավարը վարչապետն է. «Ամռանը բաց մրցույթով ընտրվել են ՀԿ-ների ներկայացուցիչներ և այդ համակարգող խորհրդում 4 ներկայացուցիչ կա, որոնք, բնականաբար, փոքրամասնություն են»:
Ըստ Իոաննիսյանի՝ նախագծով լինելու են Ոստիկանության ծառայողներ, որոնց համար առաջնայինը լինելու է օրենքի պահպանումը և քաղաքացիներ, որոնք փոխելու են ոստիկանների նկատմամբ վերաբերմունքը:
«Հիմա մենք ունենք վերաբերմունք, որտեղ ոստիկանը ընկալվում է որպես պատժող և դրա համար մայրուղիներին, երբ վարորդները ՃՈ տեսուչներ են տեսնում, լուսարձակներով հասկացնում են միմյանց, որ զգուշանան, այսինքն՝ ոստիկանը ընկալվում է որպես թշնամի: Այս նոր նախաձեռնությամբ՝ քաղաքացիները ոստիկանին կընկալեն որպես ընկեր, մարդ, որ ճանապարհին է ոչ թե տուգանելու, այլ օգնելու և աջակցելու համար»,- կարծում է Իոաննիսյանը:
Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը հակադարձում է Իոաննիսյանին՝ քաղաքացին ոստիկանին գործընկեր չի դիտարկելու այնքան ժամանակ, քանի դեռ չկա ֆունկցիոնալ փոփոխություն. «ՀՀ-ն պետք է ունենա 24-ժամյա պարեկային ծածկվածություն, այսինքն՝ ահազանգի ստացումից 2-4 րոպե հետո, եթե չկան օբյեկտիվ խոչընդոտներ, պարեկային ծառայողը պիտի լինի դեպքի վայրում: Ծառայությունը պետք է ունենա պրոֆեսիոնալ ոստիկանությանը բնորոշ ֆունկցիաներ: Իսկ, եթե ծրագիրը չի իրականացնելու նշված կետերը, ապա արդյունավետությունը լինելու է մեկշաբաթյա: Պարեկային ծառայությունը պետք է լինի Ոստիկանության ամբողջ սպայակազմի կադրային էլիտայի սինթեզման օղակը, իսկ դա շարքային ոստիկանի աշխատանք է: Իհարկե, տեսանելի կլինի, աչք շոյող կլինի, արտասահմանյան պարեկային ծառայություններիի նման կլինի, բայց բովանդակային առումով փոփոխության չի նկատվի»:
«Պետության նկատմամբ հանրային նոր վերաբերմունքի ձևավորման գործընթացը տեսնելու ենք հունիսից, սակայն, ըստ Քոչարյանի, նոր Պարեկային ծառայությունը ՀՀ անվտանգության երաշխիքը չէ. «Այս 700 քաղաքացիները լուծելու են հասարակական անվտանգության ապահովման խնդիրները: Անվտանգություն ասելով՝ պետք է հասկանալ նաև արտաքին-քաղաքական անվտանգությունը, որն այս պարագայում բացառված է»:
Նախկին փոխոստիկանապետի համոզմամբ՝ նոր Պարեկային ծառայությունը ոչ թե ամբողջովին, այլ մասամբ պիտի փոխարինի ՃՈ-ին. «Երևան քաղաքում անպայման պետք է լինի ՃՈ մասնագիտացված ստորաբաժանում, որովհետև դեպքերն ու պատահարները շատ են և պարեկներին չպիտի ծանրաբեռնեն ՃՏՊ-ների գործերի քննությամբ: Լիարժեք պարեկային ծառայությունը պահանջում էր 50 մլն դոլարից ավելի: Եթե անցել են մասնակի լուծումների, դա այն պարեկային ծառայությունը չէ, որի մասին խոսվել է շուրջ 2.5 տարի: Կարելի է ստեղծել շարային ստորաբաժանում, տալ պարեկային ֆունկցիաներ, և ասել՝ պարեկային նոր ծառայություն կա՝ նոր համազգեստով և նոր մեքենայով»:
Նշենք, որ Երևանից բացի նոր Պարեկային ծառայություն նախատեսվում են նախ Շիրակի և Լոռու մարզում, որից հետո ամբողջ Հանրապետությունում:
Արփինե Հակոբյան