Ո՞րն է ավելի հեշտ՝ փռե՞լ ասֆալտին, թե՞ ասֆալտ անել: Իհարկե, հեշտ է փռել ասֆալտին, հատկապես, երբ դա ասվում է փոխաբերական իմաստով: Իսկ ասֆալտ անելը ծախսատար է, ավելի բարդ: Ամիսներ առաջ հարյուր փաստ հիշատակած վարչապետը, ով գլուխ էր գովում աննախադեպ ծավալի հասնող ասֆալտապատման աշխատանքներով, բառ անգամ չասաց, թե ինչ տխուր, խայտառակ վիճակում է Դիլիջան-Իջեւան ճանապարհահատվածը, որը միջպետական կարեւոր ճնապարհի մի կարեւոր մասն է:»
Լուսանկարում պատկերված ճանապարհը գտնվում է Իջեւանի կենտրոնական հատվածում: Այն Իջեւանի ամենալավ ասֆալտապատված հատվածն է: Հիմա սրա համար որեւէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՝ ոչ:
Ոչ պակաս աղետալի վիճակում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որը ստեղծված իրավիճակում կյանքի ճանապարհ է Հայաստանի համար, սակայն, չգիտես ինչու, մեռյալ վիճակում է: Երևանի փողոցները անգամ հեռու են բարեկարգ կոչվելուց, չնայած անցած տարի ռեկորդային գումարներ են ծախսվել մայրաքաղաքի ճանապարհների բարեկարգման համար:
2019 թվականին, ըստ Սուրեն Պապիկյանի, վերանորոգվել է 460 կմ ճանապարհ: 2020 թ.-ին կառուցվել և հիմնանորոգվել է 550 կմ երկարությամբ հանրապետական, միջպետական և համայնքային նշանակության ճանապարհ։ 2012-ից մինչև 2016 թվականները Հայաստանում վերանորոգվել է տարեկան շուրջ 200 կմ ճանապարհ: Սակայն, դա չի արվել նման աղմուկով, պաթոսով և ինչն էլ ավելի կարևոր է՝ այսչափ անորակ: Ինչպես երևում է՝ միլիարդների հասնող սուբվենցիոն գումարները պարզապես ջուրն են թափվում, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ փոսը...