«Իմ քայլի» մի խումբ պատգամավորների կողմից շրջանառության մեջ է դրվել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխությոններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով արգելվում է հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները կամ անանուն աղբյուրներ են:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ առաջարկվող նախագիծը որևէ կապ չունի ֆեյք նյուզից խուսափելու հետ և լուծում է ընդամենը մեկ խնդիր՝ զսպել իշխանությանն անհաճո բոլոր լրատվամիջոցներին:
«Նախագիծը հակասահմանադրական է, որովհետև ՄԻԵԴ-ի կայացրած բազմաթիվ վճիռներով լրատվամիջոցը պարտավոր չէ բացահայտել իր անանուն աղբյուրը, ավելին՝ աղբյուրը չհրապարակելը ևս համարվում է լրատվամիջոցի իրավունքը: Այս ճանապարհով Նիկոլ Փաշինյանն ընդամենը ուզում է վերահսկել այն տելեգրամյան ալիքները, որոնք բավականին լայն տարածում են ստացել և այդ ալիքներից օգտվում են բազմաթիվ լրատվամիջոցներ, և, քանի որ այդ ալիքներից շատերը իր և իր ընտանիքի մասին հրապարակում են ոչ հաճո տեղեկատվություն, նա ընդամենը փորձում է այս հակասահմանադրական քայլերով վերահսկել մեդիադաշտը»,- նկատեց պատգամավորը, որը ևս նախկինում լրագրող է եղել:
Զոհրաբյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը, ով «օդում կախված լուրերի» թիվ մեկ կրողն է եղել թե՛ որպես լրագրող, թե՛ որպես պատգամավոր, այժմ փորձում է լրատվամիջոցներին պրեսինգի տակ պահել:
Նախագծով սահմանվում է, որ լրատվամիջոցը կարող է տարածել տելեգրամյան ալիքների տրամադրած ինֆորմացիան, սակայն չի կարող նշել տվյալ ալիքի անունը: Փոխարենը, լրատվամիջոցը կարող է նշել «մեր աղբյուրների փոխանցմամբ», կամ «ըստ մեր տեղեկությունների». այս դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է ԶԼՄ-ն:
Զոհրաբյանը կարծում է, որ իշխանականները այսկերպ փորձում են հասկանալ՝ լրատվամիջոցը սկսելու է ինքնագրաքննություն, թե ոչ. «Կլինեն հսկայական տույժեր և տուգանքներ, իսկ Հայաստանում լրատվամիջոցները, իսկապես, շատ լայն ֆինանսավորումներ չունեն և գրեթե շատերը ինքնաֆինանսավորմամբ են կարողանում գոյատևել, մեկ-երկու անգամ X լրատվամիջոցի վրա մի քանի միլիոն տուգանք դրվեց, տվյալ լրատվամիջոցը ուղղակի կգնա սնանկացման և փակման: Ահա այս ճանապարհն է ընտրում երբեմնի նախկին լրագրողը: Եվ, եթե Նիկոլ Փաշինյանը չի վախենում, օրինակ, Mediaport-ից ու Dejavu-ից՝ ինչու է փորձում այսպիսի խուճուճ ճանապարհներով նվազեցնել այդ ալիքներին՝ լրատվամիջոցների հղումները: Շատ պարզ է՝ իր հիմնական թիրախը այդ և մի քանի այլ ալիքներն են, որոնք շատ կարճ ժամանակում կարողացան լայն լսարան ապահովել և իր խնդիրն այն է, որ այդ լսարան ունեցող լրատվամիջոցները, օրինակ ԼՈՒՐԵՐ.com-ը, չվերցնի Mediaport-ի որևէ տեղեկատվություն և չտարածի՝ այդկերպ բազմապատկելով լսարանը»:
Պատգամավորը նկատեց, որ իմքայլականները խորհրդարանում ունեն այնքան ձայնի իրավունք, որ նախագիծը անպայմանորեն կյանքի կկոչեն, սակայն այլ հարց է՝ այն կունենա ապագա, թե ոչ, բայց, ըստ նրա, ապագա չունի հենց Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, թե նախագիծը աշխատելու է իմքայլականների դեմ ևս, որովհետև նրանց պատկանող լրատվամիջոցները այլևս չեն կարողանալու ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնի իշխանական «ֆեյքերին» հղում տալ, Զոհրաբյանն ասաց, որ նրանք դրանից դուրս գալու ձևն էլ կգտնեն:
«Բոլորը գիտեն, թե այդ ֆեյքերը ովքեր են աշխատեցնում, Ազգային ժողովի որ կին պատգամավորն է աշխատեցնում, և բոլորը, ովքեր հետաքրքրված են ֆեյսբուք մեդիատիրույթով, շատ լավ գիտեն՝ այդ կնոջը քրեական պատասխանատվության ենթարկելը և Աբովյանի կանանց գաղութում նստեցնելը ընդամենը ժամանակի հարց է: Ես ինքս եմ լինելու դատարանում մեղադրանք ներկայացնողներից մեկը այդ ֆեյքի իրական աշխատեցնողի դեմ, որովհետև պատվիրատուն, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի ընտանիքն է»,- ընդգծեց պատգամավորը:
Զոհրաբյանի խոսքով՝ իշխանության միակ խնդիրն է՝ ընդդիմադիր լրատվամիջոցներին զրկել խոսքի ազատության իրավունքից:
Արփինե Հակոբյան