2020թ-ի հունվարի համեմատ 2021 թ. նույն ամսին Հայաստանում պարենային մի շարք ապրանքատեսակներ և մթերքներ զգալի գնաճ են արձանագրել: Հայաստանում սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%. Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Հանրապետության բոլոր քաղաքներում 2021-ի հունվարին 2020 թ.–ի դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.6-2.5%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 2.3%-ով։
Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ։ Վերջինիս մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 9.5% և 23.0% գնաճերը: Ամենավաճառվող ապրանքախմբերում գնաճը բավականին նկատելի է։
Օրինակ՝ արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. հունվարին՝ 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 44.3%։ Շաքարավազը թանկացել է 40,7%-ով, ձուն՝ 26,4%-ով։ Իսկ կաթնամթերքը թանկացել է 7,7%-ով, միրգը՝ 12, բանջարեղենը՝ 9,9%-ով։
Հացը ևս թանկացել է 7,9%-ով, ինչը պայմանավորված է ալյուրի՝ 12,5% գնաճով։
Սխտորը թանկացել է 95,4%
Խառը կանաչին՝ 53,5%
Խմիչքն ու ծխախոտը՝ 6,8%
Ոչ պարենային ապրանքները թանկացել են 5,5%-ով: