Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը նիստից հետո հայտարարություն տարածեց, որում, մասնավորապես, նշվում էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից և, որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ: ԼՈՒՐԵՐ.com-ը թեմայի շուրջ զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ: Վերջինս ասաց, որ նիստի ժամանակ քննարկել են տարբեր թեմաներ, բայց այդ թեմաների կոնտեքստը եղել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման նպատակահարմարությունը. «Բացի խորհրդարանական ընտրությունների թեմայից, երկար ժամանակ ենք տրամադրել էթիկայի հանձնաժողով ստեղծելու քննարկմանը»:
Իսկ «Իմ քայլը»-ի այն հայտարարությանը, թե հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ, պատգամավորն ասաց. «Չեմ կարծում, թե հասարակության լայն շերտերի շրջանում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նման պահանջ չկա: Հատկապես Ամանորից հետո հանդիպել եմ մարզերի շատ բնակիչների հետ և այնտեղ հակառակի պահանջը ավելի շատ էր, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չեն պահանջում»,- ընդգծեց Գևորգ Պապոյանը:
Հավելենք, որ թեև իմքայլական մի շարք պատգամավորներ, նշում են, որ ընդդիմադիր թևը դեռևս չի ներկայացրել խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ, այսօր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը իր գրառմամբ շեշտել է այն փաստը, որ խորհրդարանական ուժերը, ոչ միայն դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին, այլ ընդհակառակը՝ ներկայացրել են դրա պահանջը և անհրաժեշտությունը՝ միաժամանակ նշելով դրան հասնելու շատ հստակ ճանապարհային քարտեզը (հրաժարական, անցումային կառավարության ձևավորում, արտահերթ ընտրությունների անցկացում):
Այս թեմայի շուրջ զրուցելու համար ժամեր շարունակ փորձում էինք կապ հաստատել իմքայլական տարբեր պատգամավորների հետ, սակայն անարդյունք: Նրանք շարունակում են չպատասխանել լրագրողների հեռախոսազանգերին, կամ, պարզապես, լրագրողների հեռախոսահամարները ավելացնում են «սև ցուցակում»՝ հերթական անգամ հարցերից խուսափելու նպատակով:
Զվարթ Պետրոսյան