ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն և արտախորհրդարանական ընդդիմությունը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը, եթե հրաժարվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններից, այդպիսով հանրությանը մղում է հակասահմանադրական գործընթացների։ Իշխան Սաղաթելյանն էլ ասում է, որ «աթոռին կառչած անձը հասկացել է, որ ընտրություններով վերարտադրվելու շանս չունի»։ Ազատության «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում պատասխանելով այս հարցին, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ասաց․ ««ՔՊ»-ի և Նիկոլ Փաշինյանի օրակարգում երբեք չի եղել վերարտադրվելու օրակարգ։ Դա մեր էությանն ընդհանրապես չի համապատասխանում, գուցե բխում է նշված քաղաքական ուժերից որևէ մեկի օրակարգից, կամ իրենք ունեն նմանատիպ անցյալ։ Մենք չունենք նմանատիպ անցյալ և ցանկություն չունենք լինել այդպիսին»։
Ս․ Պապիկյանը նշեց, որ ՔՊ կուսակցությունը և կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի վերջին խոսել են արտահերթ ընտրությունների ճանապարհով հանրային համերաշխության գնալու մասին, այնինչ իրենց գործընկերները չեն արձագանքել դրան, կամ արձագանքել են ոչ դրական պատասխանով։
«Արտահերթ ընտրությունների հանրային պահանջ մենք չենք ստացել, միակ պահանջը, որ հանրությունից ստացել ենք՝ հրաժարական չտալ և անել այն, ինչ չենք արել երկուսուկես տարում»,- ասաց Պապիկյանը։