Օրերս «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում էլ չկա արտահերթ ընտրությունների պահանջ: Սակայն այդպես էլ չմասնավորեցվեց՝ Նիկոլ Փաշինյանն է առաջարկել հրաժարվել արտահերթ ընտրություններից, և «Իմ քայլը» համաձայնել է, թե՞ հակառակը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ առանձնապես կարևոր էլ չէ, թե ով է որոշել, սակայն եթե իմքայլականները համոզված լինեին, որ կարող են արագ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել և համապատասխան ձայներ ստանալ՝ անպայման կգնային ընտրությունների ճանապարհով:

«83 անդամ ունեցող խմբակցությունը, եթե վստահեր պատգամավորներին, ապա կգնար արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու կրկին կընտրվեր: Մի կողմից վստահ չէին 83-ի վրա, մյուս կողմից էլ վստահ չէին, որ ձայն կստանան: Բոլորս ուզում ենք հասկանալ, թե ինչպես որոշեցին, որ 10 օր առաջ կար այդ պահանջը, իսկ հիմա՝ ոչ, ի՞նչ փոխվեց այս ընթացքում»,- ընդգծեց պատգամավորը:

Ընդդիմությունը փետրվարի 20-ին հանրահավաք կիրականացնի, Մելքումյանը շեշտում է՝ փետրվարի 20-ից հետո ժողովուրդը կրկին կակտիվանա և կրկին  կառաջանա այդ պահանջը. իմքայլականներն այդ ժամանակ ի՞նչ կորոշեն։

Դիտարկմանը, թե հնարավոր է ընտրությունների պահանջ չտեսնելը կապված է Ռոբերտ Քոչարյանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հետ, պատգամավորը նկատեց. «Քոչարյանը մինչ այդ էլ այդ 17 կուսակցությունների շրջանակում էր գործում, այնպես չէր, որ չկար: Կարևորը գործողություններն են, այսօրվա կարևոր խնդիրը այս իշխանությանը հեռացնելն է, հետո գնալ կարգավորման ճանապարհով, ինչպես հայտարարել ենք 17 կուսակցությունների ռեժիմով»:

Անդրադառնալով փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքին՝ Մելքումյանն ասաց, որ կլինեն քաղաքական տարբեր ակցիաներ. «Դրանք կլինեն շարունակական, անձամբ չեմ մասնակցում, բայց կլինեն այնպիսի լուծումներ, որոնք կբերեն մեզ համար ցանկալի արդյունքի»:

Արփինե Հակոբյան