Գերիների վերադարձի հարցով ռուսական կողմն աշխատում է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ, այդ թվում` ԼՂ հակամարտության գոտում տեղակայված ռուս խաղաղապահների գծով: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հիշեցրեց` բոլորովին վերջերս ռուս խաղաղապահների միջնորդության շնորհիվ տեղի ունեցավ հերթական փոխանակումը. տուն վերադարձան մեկ ադրբեջանցի և հինգ հայ:
«Մենք ելնում ենք նրանից, որ այս հարցի օպտիմալ լուծումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումն է, այս մասին են խոսել ՌԴ նախագահը և ԱԳ նախարարը»,- ասաց նա:
Խոսելով Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի անվտանգության հետ կապված հարցերի վերաբերյալ` Զախարովան նշեց.
«Որքան հասկանում եմ` հարցը վերաբերում է ԼՂ բնակիչների տեղաշարժման մի շարք երթուղիներին, բնականաբար, բնակիչների ամենօրյա կյանքում այս կամ այն երթուղու պահանջվածության մասին ավելի ամբողջական պատկերացում ունեն նրանք, ովքեր այդ տարածքում են ապրում, այսինքն՝ տեղում: Եթե նշված երթուղիները գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ապա այս հարցը կարելի էր ուղղել և ՌԴ ՊՆ-ին, ես հաճույքով կօգնեմ դա անել»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հիշեցրեց` համաձայն ՀՀ, ՌԴ և Ադրբեջանբի ղեկավարների` նոյեմբերի 9-ին ստորագրած համաձայնագրի, ՀՀ և ԼՂ միջև կապը պահպանվում է Լաչինի միջանցքով: