ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանն այս պահին ապամոնտաժվում է: Արձանը հունվարին էր տեղադրվել Մարտունու գլխավոր փողոցներից մեկում, պաշտոնական բացման արարողությունն էլ դեռևս չէր եղել:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել արձանը, ռուսներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջը:
Ռուս խաղաղապահների բարձրաստիճան զինվորականը Մարտունու քաղաքապետից պահանջել է ապամոտնաժել Նժդեհի արձանը, սակայն քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հրաժարվել է: Իսկ, թե ինչպես եղավ, որ կարողացան քաղաքապետին «համոզել», սպասենք պարզաբանումների:
Նշենք, որ նախատեսվում է Նժդեհի արձանը տեղափոխել Մարտունի քաղաքի պատմության թանգարանի դիմաց:
Իշխանությունները շարունակում են պատերազմի օրերին որդեգրած քաղաքականությունը՝ հերքելով յուրաքանչյուր տեղեկություն:
Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը լրատմավիջոցներից մեկի հետ զրույցում, անդրադառնալով այդ լուրերին, ասել է, որ դրանք կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, Արցախի Մարտունու վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանն էլ հայտնել է, թե արձանն իր տեղում է:
Արփինե Հակոբյան