«Պարո՛ն նախագահ, բանակցությունների ամբողջ ընթացքում՝ մի քանի տասնամյակում, և՛ առաջին, և՛ երկրորդ նախագահները, և՛ Դուք մշտապես խոսել եք, և դա մեր կողմից ընդունելի է եղել, որոշակի գնով տարածքների վերադարձի մասին։ Դա եղել է բանակցությունների տարրերից մեկը։ Եթե դա այդպես է, եթե հողերի վերադարձը քննարկվել է, ապա ինչո՞ւ եք Դուք այսօր այս իշխանությանը մեղադրում այդ հողերը վերադարձնելու մեջ։ Խորհրդարանում վերջերս մի միտք հնչեց, որ մենք պարտության գնացել ենք վերջին 20 տարում՝ սկսած հոկտեմբերի 27-ից, քանի որ շարունակաբար քննարկվել է հենց հողերի վերադարձի, տարածքների զիջման հարցը»,- «Արմնյուզ»-ի եթերում, դիմելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, ասաց հարցազրուցավար Դավիթ Սարգսյանը:
«Նորից պետք է կրկնեմ, որ մեզ համար ստանալու մասն էր կարևոր։ Սա՝ մեկ, երկրորդ՝ ես չեմ կարող համաձայնել Ձեր ասած մտքերի հետ, որ այս իշխանությունները հող են վերադարձրել։ Ոչ, նրանք հող են տանուլ տվել, նրանք հող են հանձնել։ Դրանք տարբեր բաներ են։ Նրանք կապիտուլյացիայի են ենթարկել Հայաստանը, ջախջախել են մեր բանակը։ Այսինքն՝ Դուք տարբերություն չե՞ք տեսնում։ Ես երբեք «ոչմիթիզական» չեմ եղել, երբեք․ և՛ 90-ականների սկզբի մեր հաջողությունների պահին, և՛ 2000-ականների ամբողջ ընթացքում, և՛ նախագահական նստավայր գալու առաջին իսկ օրվանից ես տարբեր ձևակերպումներով ասել եմ, որ այս խնդիրների լուծումը ես տեսնում եմ միայն փոխզիջումների միջոցով։ Հիշո՞ւմ եք, երբ ես խորհրդարանում ասացի, որ Աղդամն իմ հայրենիքը չէ»,- ասաց Սարգսյանը` նշելով, որ իրականությունը լավ չպատկերացնող մարդիկ սելֆի էին անում Աղդամի ֆոնին և ասում էին՝ Աղդամն իրենց հայրենիքն է։
«Ես տեսա, թե այդ հայրենիքն իրենք ինչպես պահեցին»,- ընդգծեց նա: