ՏՄՊՊՀ-ն այսօր տարածել է մի հաղորդագրություն, որով փորձել է բացատրել, թե որոնք են եղել՝ դեպի ՌԴ տոմսերի կտրուկ թանկացման պատճառները: ՏՄՊՊՀ տարածած հաղորդագրությունը սակայն ամբողջությամբ կրկնում է «Արմենիա» ավիաընկերության տարածած պաշտոնական բացատրությունը առ այն, որ տոմսերի թանկացման պատճառ է հանդիսացել էժան տոմսերի արագ սպառումը:
Տպավորություն է ստեղծվում, որ ՏՄՊՊՀ-ն և անձամբ կառույցի նախագահ Գեղամ Գևորգյանը ամեն գնով փորձում են պաշտպանել ավիաընկերությանը' ստանձնելով վերջինիս փաստաբանի դերը՝ աչք փակելով ակնհայտ իրողության վրա, որ որքան էլ թանկացումը պայմանավորված լիներ առավել էժան տոմսերի սպառմամբ, այդ թանկացումը չէր կարող լինել 4-5 անգամ և հասնել 700 դոլարի:
Արդյո՞ք ՏՄՊՊՀ-ն այստեղ ևս որևէ խնդիր, իսկ ավելի հստակ՝ առիթից օգտվելով գերշահույթ ստանալու միտում չի տեսնում: Արդյո՞ք կառույցում ուսումնասիրել են, թե որքան հավելյալ եկամուտ է ստացել ավիաընկերությունը գների նման կտրուկ բարձրացման արդյունքում, իսկ որ այդ գերշահույթը եղել է՝ որևէ մեկի մոտ կասկած չի առաջանում:
ՏՄՊՊՀ-ն քաղավիացիայի ոլորտում վերջին լայնածավալ ստուգումը իրականացրել է 2015 թվականին, «Արմենիան» հայկական շուկա է մուտք գործել 2016-ին, ստացվում է՝ դրանից հետո հայակական ավիաշուկայի խաղացողները չեն հայտնվել ՏՄՊՊՀ-ի խոշորացույցի տակ և գուցե դա է պատճառը, որ այսօր ոլորտում իրենց նման ամենաթողություն են թույլ տալիս' գների քառակի բարձրացումից հետո տարածելով ամենա պրիմիտիվ բացատրությունը, որը հետագայում իր ուսումնասիրության եզրակացության մեջ արտատպում է սպառողների շահերը պաշտպանող պետական կառույցը...