Այսօր Արցախի ԱԻՊԾ-ն հայտարարեց, որ փետրվարի 15-ից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքներ չեն կատարվում։ Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով: Այս թեմայով մեկնաբանություններ ստանալու նպատակով՝ ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանի հետ, որն ասաց՝ անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների դադարեցման համար ադրբեջանական կողմը հստակ պատճառ չի նշել. «Մենք բանակցություններին չենք մասնակցում, բանակցում են ռուս խաղաղապահները: Մենք միայն բուն գործողություններին ենք մասնակցում։ Մեզ, առանց որևէ մեկնաբանություն տալու, ասել են՝ որոնողական աշխատանքները անորոշ ժամանակով հետաձգվում են»,- նշեց Հունան Թադևոսյանը:
Նա ասաց, որ, ենթադրությունների մակարդակով, կա մի վարկած, որը պատճառ է դարձել անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների դադարեցման համար. «Ադրբեջանական կողմում՝ այն տարածքներում, որոնք իրենց տիրապետության տակ են հայտնվել, կատարվում է շինարարական աշխատանք։ Այնտեղ օդանավակայան են կառուցում, Ֆիզուլիի շրջանում ենթակառուցվածքներ են կառուցում, նոր ճանապարհներ են կառուցում Ջաբրայիլի շրջանում: Մեր աշխատանքները հիմնականում հարավային թևում են, իսկ այդ հատվածում հիմա շինարարական աշխատանքներ են կատարվում, հավանաբար պատճառը դա է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Հունան Թադևոսյանն ասաց, որ թեև աշխատանքները անորոշ ժամանակով են հետաձգվել, բայց, այնուամենայնիվ, որոնողական աշխատանքները վերսկսվելու են. «Մեր կողմից որոնողական աշխատանքները վերսկսելու մասին բանակցություններ դեռ չեն տարվում։ Սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին: Առաջիկա 3 օրերի ընթացքում որոնողական աշխատանքներ հաստատ չեն լինելու»,- ասաց Հունան Թադևոսյանը:
Զվարթ Պետրոսյան