ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը փետրվարի 21-25-ը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ Ահմադ ալ-Բաուարիդի ալ-Ֆալասիի հրավերով ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում մասնակցել է «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին։ Սակայն, ինչպես համացանցում տարածված լուսանկարներն են փաստում, Հայաստանի զենքերը ներկայացնող տաղավարը դատարկ է, և մենք, փաստորեն, ոչինչ չենք ներկայացնում այն միջոցառմանը, որին մասնակցելու համար Հայաստանը 40 մլն դրամ է ծախսել։ Ստացվում է՝ 40 մլն դրամ ծախսվել է զենք ցուցադրելու համար, այնինչ, զենքերը տեղ չեն հասել, ավելին՝ դրանք մնացել են Մոսկվայում։
 
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրունցում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հաստատեցին, որ IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝  հայկական ընկերությունների  տաղավարում  ցուցանմուշները  բացակայում են։
«Ցուցանմուշների տեղափոխման ընթացքում առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով նախարարի հրամանով սկսվում է  ծառայողական քննություն»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մովսիսյանը։ 
 
Հարցին՝ հայտնի՞ է, թե ռազմական տեխնիկայի ցուցանմուշները երբ կհասնեն Աբու Դաբի և արդյոք կհասցնեն մինչև միջոցառման ավարտը ներկայացնել ցուցահանդեսին, նախարարի խոսնակը դժվարացավ պատասխանել։ 
 
Խոսնակը նշեց նաև՝ չնայած առաջացած խնդիրներին՝ հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները տեղում արդյունավետ աշխատանք են տանում. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ, բացահայտում են նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում։
 
Իսկ թե ում մեղքով ու անպատասխանատվության արդյունքում է ստեղծվել այս իրավիճակը, դեռևս հայտնի չէ: Բայց որ դրա պատասխանատուներից մեկը Հակոբ Արշակյանն է՝ դա փաստ է։
 
Սոնա Հարությունյան