Փետրվարի 19-ի երեկոյան Գյումրու Մուշ թաղամասում արտառոց դեպք է տեղի ունեցել:
Շենքերից մեկի 4-րդ հարկից 8-ամյա տղան բացել է տան պատուհանն ու ցատկել ներքև: Այսօր «Հայկական ժամանակի» հետ զրույցում երեխայի մայրը՝ Մ. Գ.-ն մանրամասնել է դեպքն ու նշել, այսուհետ որդին ծննդյան երկու օր ունի: Ընկնել 4-րդ հարկի պատուհանից և ընդամենը մեկ-երկու փոքրիկ կոտրվածք ստանալն այլ անվանում չունի, բացի Աստծո նախախնամությունն ու հրաշքը:
Մայրն ասում է ընկել է, որդին ուղղում՝ ցատկել է: Ընկնելը կամ ցատկելը մեկ պատճառ է ունեցել՝ կրկնօրինակել վլոգեր Վլադի՝ համացանցում տարածված մի տեսահոլովակի գործողությունները:
Դեպքն, ըստ Մ.-ի, ուշ ժամի է տեղի ունեցել: Ճաշել են, որից հետո փոքր որդուն՝ 6-ամյա Նարեկին քնացրել է, 8 տարեկան որդուն էլ խնդրել, որ կարճ ժամանակով հետևի եղբորը, մինչև ինքն իջնի ներքև, շենքի մոտ գտնվող խանութ ու վերադառնա:
«Ես էնքանով էի ապահով, որ Ռոբերտը հանգիստ երեխա էր, իսկ տան բոլոր պատուհանների փականները ես հանել, պահել էի: Երբ որ մի քանի ամիս առաջ մի երեխա ընկավ շենքերից մեկի 4-րդ հարկից ու մահացավ, ես վախեցա, մեր պատուհանների փականները հանեցի: Դուռն էլ փակեցի բանալիով, բայց մտքովս չանցավ, որ Ռոբերտը նման քայլի կգնա: Խանութից հետ էի գալիս, մեր հարևաններից մեկը զանգեց, թե որտեղ ես, երեխեն դրսում է: Ես էլ զարմացա, որովհետև դուռը փակել էի: Վազելով հասա շենքի մոտ, տեսա մարդիկ հավաքված են, Ռոբերտն էլ նրանցից մեկի մեքենայի մեջ: Ասում եմ ո՞նց ես դուրս եկել, ձայն չի հանում: Մեկ էլ գլուխս որ բարձրացրի, տեսա բաց պատուհանը՝ էլ չգիտեմ ինչ զգացի»,-հուզված պատմում է մայրը:
Բանալին արագ տվել է հարևանուհուն, որ բարձրանա, ու պատուհանը փակի, իսկ ինքը շտապօգնության մեքենայով տղային տեղափոխել է Ավստրիական մանկական հիվադանոց: Տղան մանրամասն հետազոտվել է, լուրջ խնդիրներ չկան: Կողի մի քանի փոքրիկ կոտրվածք, սալջարդ ու քերծվածքներ: Ապահովության համար նաև գլուխն են հետազոտել: Խնդիրներ չկան:
Մ.-ն ասում է, տղան ընկնելիս չի վախեցել, այլ գործել է այնպես, ինչպես իր նայած հոլովակում է ասված եղել՝ քայլերի նույն հաջորդականությամբ:
«Ինքը առանց վախենալու է թռել, գիտակցելով: Ես որ մոտեցա իրան, ասեց, մամա ախր լրիվ իմ պլանավորածով ես իջել եմ, թե ընչի պասադկեն ըսպես էղավ, չեմ հասկնա: Կմտածեմ, որ պառաշուտ չունեի, իսկ հնարավոր է, որ սավանով նորմալ իջնեի: Ինքը հագել էր վերարկուն, սապոգները, լրիվ հագած էր: Հարցրեցի, թե լավ, դու ինչի համար էդ քայլին գնացիր, կսե մամա, բայց ախր Վլադը կթռներ պատուհանից, ես էլ թռա, ես հոմ 100-րդ հարկից չեմ ընկել որ ընձի բան էղներ, 4-ից եմ իջել»,-ասաց մայրը:
Հիվանդանոցի հոգեբանն աշխատում է երեխայի հետ: Մայրը մտածում է, դուրս գրվելուց հետո կարգելի նմանատիպ տեսանյութերի ու նույնաբովանդակ մուլտերի դիտումը: Նաև անկեղծանում է. «Մի քանի օր առաջ մուլտֆիլմեր կային, նայում ու մտածում էի, թե կա՞ն երեխաներ, որոնք ընկնում են դրանց ազդեցության տակ: Ու փաստորեն, պարզվեց, որ իմ երեխան հենց նման խնդիր ունի»: