Ես ումի՞ց վախենա՞մ, սրանցից, երևի դուք մոռացել եք, թե ես որ կուսակցությանն եմ պատկանում և թե ինչ կարգախոս ունենք մենք: Այս մաիսն այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Վախկոտը սրանք են»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ մատնացույց անելով ոստիկանական զորքերին. «Երկրիդ վարչապետը իր երկրի մայրաքաղաքում՝ կենտրոնում, Կառավարության մի մասնաշենքից մյուս մասնաշենքը տեղափոխվելու համար փողոց է դուրս բերում մի քանի հազարանոց ոստիկանական զորք, ինքն է վախեցած, մենք ինչո՞ւ պետք ա վախենանք, մենք պայքարում ենք մեր երկրի փրկության համար»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:

Վերջինս ասաց, որ անհնազանդության բողոքի ակցիաները շարունակվելու են, քանի որ այլ ճանապարհ չկա. Նիկոլ Փաշինյանի հետ կա քննարկելու ընդամենը մեկ օրակարգ. «Իր հեռացման ճանապարհային քարտեզը իր հետ մշտապես պատրաստ ենք քննարկել: Այլ հարց ի՞նչ քննարկենք այն իշխանության հետ, որն իր սեփական ժողովրդին տարավ, ըստ էության, կոտորածի, կորցրեց սեփական հայրենիքի մի կարևոր մասը: Իրենց օր ու արև չենք տալու, չենք թողելու, որ աշխատի: Ինքը ամեն օր, երբ որոշի դուրս գալ իր ամառանոցից կամ Կառավարության շենքից պետք է առնվազն 1000-1500 զորք դուրս բերի փողոց, որ կարողանա աշխատել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից մեկնարկել է ընդդիմության անհնազանդության բողոքի ակցիաները, որոնցում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այսօր էլ նրանք հավաքվել են Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ՝ խաթարելու Նիկոլ Փաշինյանի աշխատանքը:

Նշենք, որ արդեն կան բերման ենթարկված քաղաքացիներ: