Աշխատանքից չեմ ազատվել, ես հիվանդ պառկած եմ, պետք է վիրահատվեմ, պատերազմի հետևանքներն են: Ոչ մեկի փոխարեն չեմ կարող պատասխանել՝ ազատվելու եմ աշխատանքից, թե ոչ, համենայնդեպս, չեմ կարծում, որ այնպիսի բան եմ արել, որ պետք է աշխատանքից ազատվեմ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը՝ անդրադառնալով երեկ կատարված աղմկահարույց գրառմանը:

«Եթե պետք է ինձ աշխատանքից ազատեն, ապա մյուս գրառումներ կատարողներին պարզապես պետք է գնդակահարեն: Խոսքը 18+-ի մասին է և ոչ թե ժողովրդի, այլ ղեկավար-կազմի: Ամբողջ պաշտոնավարման ընթացքում թալանեցին երկիրը և հայտարարում էին՝ «հանուն ինչի՞ գնանք զոհվենք, հո մենք էշ նահատակ չենք դառնալու, մսացո՞ւ էինք, որ գնայինք», երևի մենք ու մեր զոհված տղերքը մսացո՞ւներ էինք. մսացուները իրենք են»,- ասաց Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով՝ հասարակությունն իր գրառումը սխալ է ընկալել. «Ես ուղղակի գրել էի սիրտս Արփինե Հովհաննիսյան ա ուզում, ու չհասկացա, թե ինչու իմ գրառումը բոլորը մտցրին անկողին, այսինքն՝ չի՞ կարող մարդու սիրտը Արփինե Հովհաննիսյանի հետ բանավեճ ուզել: Եթե ինչ-որ մեկը նման բան գրի, կասեմ՝ ինչ ա ուզում սիրտդ, ոչ թե զանգեն, լկտի պահվածք դրսևորեն: Պաշտոնյա լինելը չի նշանակում, որ մենք ինքնասիրություն չունենք, եթե պաշտոնյա ա, ապա դա թո՞ւյլ է տալիս կնոջը, երեխային հայհոյել և այլն: Ուղղակի ես երբեք ինձ թույլ չեմ տվել որևիցե պաշտոնյայի ընտանիքի վիրավորեմ: Իմ գրառումը ընդդիմադիրների գրառումների համեմատ անմեղության վերջն ա»:

Հարցին, թե կոնկրետ իր անձին ուղղված վիրավորանքներ եղե՞լ են, որից ինքը «նեղսրտել է», պատասխանեց, որ շատ են եղել. «Ոչ միայն իմ, այլև ընտանիքիս: Հենց նույն ընդդիմադիրները, ու միշտ ասել եմ՝ չի կարելի մարդկանց ընտանիքներին վիրավորել ու հասկացա, որ չեն հասկանում: Հասարակության մի մասը գրածս վիրավորում է որակել, մի մասն էլ այդ երևույթը նորմալ է որակել, նույնիսկ մարդիկ կան ասել են՝  քիչ ես ասելԲայց ես բան չեմ ասել, ընդամենը՝ սիրտս Արփինե Հովհաննիսյան ա ուզում: Թող մեկը հարցներ՝ ի՞նչ նկատի ունեմ, այդ գրառման պահին ես նայում էի ընդդիմադիրների հանրահավաքը և լսում, թե ինչպես են իրենք շահարկում մեր գերիների թեման: Հակառակ պետության ջրաղացին ջուր լցնելը ու մեր զոհված տղերքին շահարկելը՝ բարոյականությունից զուրկ է, բոլոր սահմաններն են անցնում: Ունեմ ընկերներ, որոնց տղաների դիերը մինչև այժմ չեն կարողացել գտնել, բայց նրանք երբևէ դուրս չեն եկել փողոց»:

Հարցին, թե որևէ ազդեցություն եղե՞լ է, որից հետո ստիպված ջնջել է իր իսկ գրառումը` փոխթաղապետը պատասխանեց, որ իր վրա երբեք ոչինչ չի ազդում և նույնիսկ` համացանցում թեժ քննարկումները:

«Ճիշտն ասած, փոշմանել եմ, որ ջնջել եմ, պետք է չջնջեի, դե հիմա արդեն արվել է, բայց ինձ ճանաչողները բոլորն էլ գիտեն, որ ես իմ կյանքում ոչնչից չեմ վախենում և երբեք չեմ վախեցել»,- ասաց փոխթաղապետը՝ պատասխանելով այն հարցին, թե եթե պետք է ջնջեր, ապա որն էր նման գրառում կատարելու իմաստը:

Պողոսյանը նույնիսկ չի վախենում աշխատանքը կորցնելուց և կարծում է, որ այլ աշխատանք կգտնի. «Դա իմ քաղաքական թիմի որոշումը կլինի, եթե կորոշեն, որ պետք է ազատեն, խնդրեմ, բայց չեմ արել այնպիսի բան, որի համար պետք է ազատեն: Իմ երեկվա գրառումից հետո բազմաթիվ ցենզուրայից դուրս գրառումներ եղան և ես դիմելու եմ ոստիկանություն, որպեսզի հայտնաբերեն իրենց, բայց ես էլ իմ միջոցներով եմ գտնելու: Եթե ես շուտ գտա՝ երանի են տալու, որ ոստիկանությունը շուտ գտներ»,- ընդգծեց նա՝ չնշելով, թե, մասնավորապես, ում մասին է խոսքը:

«Իմ կինը ոչ քաղաքականության մեջ ա, ոչ քաղաքական գործիչ ա, բայց եղել են ամենավերջին հայհոյանքները, էլ չեմ ասում, որ թշնամի պետությունից են ինձ նամակներ գրում»,- նկատեց Պողոսյանը:

Հարցին, թե Արփինե Հովհաննիսյանի ամուսնուց զանգ ստացել է, փոխթաղապետը պատասխանեց. «Նրա ամուսնուց կարող եք հարցնել: Ձեր կարծիքով Արփինե Հովհաննիսյանի ամուսինը կարա՞ր ինձ վախեցներ, որ ես ջնջեի: Այսքան հարց տվեցիք, պատասխանեցի, հիմա այդ մի հարցին չեմ ուզում պատասխանել»,- եզրափակեց փոխթաղապետը:

Արփինե Հակոբյան