Սումգայիթյան ոճրագործության կազմակերպիչներն իրենց անփոփոխ ձեռագրին հավատարիմ, անցյալ տարի՝ Արցախյան երկրորդ պատերազմում, հանձն առան նոր հայասպան գործունեություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը։
1988թ․ փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը ենթարկվեց անմարդկային դաժանությամբ ուղեկցվող զանգվածային սպանությունների և վայրագությունների։ Թշնամի պետության ցեղասպան գործունեությունը 1915 թվականի Մեծ Եղեռնից հետո իր շարունակությունը ունեցավ 20-րդ դարի վերջին, երբ սկիզբ էր դրվել Արցախի ինքնորոշման ու տարածքային ամբողջականության վերականգման գործընթացին։ Սումգայիթյան ոճրագործության կազմակերպիչներն իրենց անփոփոխ ձեռագրին հավատարիմ, անցյալ տարի՝ Արցախյան երկրորդ պատերազմում, հանձն առան նոր հայասպան գործունեություն։ Զոհվեցին խաղաղ բնակիչներ, հայրենապաշտպաններ․․․ Արդյունքում՝ ունեցանք Արցախի մեծ մասի կորուստ, բզկտված ու թուլացած Մայր Հայաստան։
Սիրելի՛ հայրենակիցներ, միայն հայ ժողովրդի միաբանումն ու միասնականությունը կարող է դիմագրավել մեզ սպասվող նոր սումգայիթյան ոճրագործություններին։
Աստված զորավիգ մեր ազգին»։