Ապարան համայնքի երկրապահ կամավորականների միության նախագահ Հրաչ Հակոբյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«Այս օրերին վճռվում է մեր պետության ու պետականության հետագա ճակատագիրը։ Ես և իմ մարտական ընկերները, որպես հայրենիքի պաշտպաններ, Արցախյան առաջին, Ապրիլյան պատերազմի և Արցախյան երկրորդ պատերազմների միջով անցած ազատամարտիկներ, ոգեշնչվելով Արտակ Թովմասյանի կոչից՝ մեր աջակցությունն ենք հայտնում հայրենիքի զարգացման համար մղվող այս պայքարին։
Միևնույն ժամանակ, հայտարարում ենք, որ հարցի կարգավորումը տեսնում ենք միմիայն Սահմանադրական ճանապարհով ու դեմ ենք սադրանքներին և ուժի կիրառմանը։ Նաև կոչ ենք անում մեր մյուս ազատամարտիկ եղբայրներին միանալ մեզ, քանի որ սա հայրենիքի հանդեպ սիրո ու հավատարմության դրսևորման ևս մեկ ձև է»։
Հիշեցնենք, որ «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանն այսօր ֆեյսբուքյան գրառման միջոցով դիմել էր երկրապահներին և տարատեսակ ՀԿ-ների ներկայացուցիչներին և հորդորել միանալ ազգային արժանապատվության վերականգնմանը մղվող պայքարին։