Ինչպես հայտնեցինք քիչ առաջ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ չի ստորագրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդագիրը: Այդ հայտարարության հետ մեկտեղ սկսեց շրջանառվել նաև տեղեկություն այն մասին, որ ԳՇ պետին աշխատանքից ազատելու մասին հրամանագիրը ինքնաբերաբար ուժի մեջ է մտնելու մարտի 4-ին: Այս թեմայով մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ, որն ասաց՝ նախագահը հրամանագիրը առաջին անգամ չստորագրելուց հետո հայտարարեց, որ առերևույթ հակասահմանադրական էր հրամանագիրը. «Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն, նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Այսինքն, նա, կարծելով՝ առերևույթ այդ հրամանագիրը հակասում է Սահմանադրությանը, ամեն դեպքում չի ստորագրում այն, անգործություն է դրսևորում ինչի հետևանքով, միևնույն է, հրամանագիրը իրավունքի ուժով ուժի մեջ է մտնելու»,- նշեց սահմանադրագետը:

Վերջինս ասաց, որ, ուսումնասիրելով նախագահի գործունեությունը, կարելի էր ենթադրել, որ Արմեն Սարգսյանը ամեն դեպքում Սահմանադրության ոգուն ոչ հարիր ինչ-որ գործընթաց է մեկնարկելու. «Նա հերթական անգամ ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է իր վրա ազդեցություն ունենալ»,- ասաց սահմանադրագետը:

Նա նշեց, որ հնարավոր է հետագայում նախագահի պաշտոնանկության գործընթաց մեկնարկի. «Նախագահին իշխող ուժի արբանյակները շանտաժ էին անում, որ հրամանագիրը չստորագրելու պարագայում, նրա նկատմամբ կարող է մեկնարկել իմպիչմենտի գործընթաց, սակայն դա չէր կարող տեղի ունենալ, քանի որ որևէ հիմք չունեին դա անելու: Այս պարագայում նրա նկատմամբ հնարավոր է հետագայում պաշտոնանկության գործընթաց մեկնարկի, քանի որ Սահմանադրության 155-րդ հոդվածն ասում է՝ նախագահի կողմից Սահամնադրության կոպիտ խախտման պարագայում հնարավոր է նրա պաշտոնանկության գործընթացի մեկնարկում»,- պարզաբանեց Գոհար Մելոյանը:

Մեր զրուցակիցը ընդգծեց, որ նախագահը դիտավորյալ ոչինչ չի անում, որ այդ հրամանագիրը ուժի մեջ մտնի. «Նախագահը անգործության է մատնվում այն էլ այն դեպքում, երբ ինքը ևս այն անվանել է հակասահմանադրական: Արմեն Սարգսյանն այն չի ստորագրել, որ հրամանագիրը ուժի մեջ մտնի: Նա, երբ նախագահի պաշտոնն էր ստանձնում, դժգոհում էր, որ այդ պաշտոնում իր լիազորությունները սահմանափակված են. Արմեն Սարգսյանն ունի Սահմանադրությամբ մեկ հիմնական դեր, գործառույթ և լիազորություն՝ Սահմանադրության կարգի պահպանում: Այս պարագայում քննադատելի է նախագահի նման կեցվածքը և շատ ցավալի է, որ նա հերթական անգամ այսպիսի դավադիր իշխող ուժի հետ գնաց գործարքի»,- եզրափակեց սահմանադրագետը:

Զվարթ Պետրոսյան